‘Օրվա համառոտ ամփոփում’

1086

Օրը սկսվեց ուրախ լուրով. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նիստերի դահլիճից համաներման կիրառմամբ ազատ արձակվեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը: Դատարանի տարածքում էին հավաքվել մի քանի տասնյակ քաղաքական ակտիվիստներ և լրագրողներ: 

Նույն դատարանում տեղի ունեցավ նաև ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատը, որի ընթացքում պետք է քննարկվեր խափանման միջոցի փոփոխման հարցը: Սակայն որոշման կայացումը հետաձգվեց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի դիմումով: 

Տիգրան Սարգսյանը այսօր հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանին երբեք չեն հրավիրել մտնել Մաքսային միություն: Ավելին՝ ունեցել ենք ընդհանուր ընկալում այն մասին, որ սահմանի բացակայությունը լուրջ խոչընդոտ է: 

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսին՝ նշանակման նամակի հանձման կապակցությամբ: 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այսօր այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին, ում ընտանեկան բովանդակության տեղեկատվության են փոխանցել: 

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանի հրամանով ՀՊՃՀ-ում ձևավորվել է պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի կարգավորման հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման վիճակը և մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը առաջարկություն ներկայացնի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի ֆոնդի ձևավորման և բաշխման վերաբերյալ: 

Երևանում Սերժ Սարգսյանին հանդիպման ժամանակ Լիտվայի Սեյմի եվրոպական գործերի կոմիտեի ղեկավար, երկրի նախկին վարչապետ Գեդիմինաս Կիրկիլասը նշել է, որ ակնկալում է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում կստորագրվի բանաձև, որը գնահատական կտա ասոցացված գործընկերության շուրջ բանակցություններին մասնակցության 3 տարիներին Հայաստանի ձեռքբերումներին: 

Այսօր հայտնի է դարձել, որ Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Բիրյուլյովո շրջանում բերման է ենթարվել 300 մարդ, որոնց բացատրություն տալուց հետո ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ ցույցի մասնակիցները պահանջում էին գտնել 25-ամյա Եգոր Շչերբակովին սպանողին: Վերջինիս դանակի հարվածով ընկերուհու ներկայությամբ սպանել են նախորդ հինգշաբթի օրը: 

 

Նախորդ հոդվածը‘Տարբեր երկրներից մի խումբ փախստականներ Բեռլինում հացադուլ են հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյանին դիմավորեցին Սարյանի պուրակում. Տեսանյութ’