‘Օրվա համառոտ ամփոփում’

967

Վեց տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանի սրտում գնդակահարվեցին առնվազն 10 ՀՀ քաղաքացիներ: Վեց տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունները կրակեցին կեղծված ընտրությունների դեմ բողոքող եւ խաղաղ ցույց իրականացնող քաղաքացիների վրա: 2008 թվականի մարտի 1-ից վեց տարի է անցել, սակայն, իշխանությունները չեն բացահայտել սպանություններից եւ ոչ մեկը: Առայսօր որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել սպանություններից եւ ոչ մեկի համար: 

Վաղը՝ մարտի 1-ին, լրանում է Մարտիմեկյան սպանդի վեցերորդ տարելիցը:  

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ  Կոնգրեսի խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ մինչեւ հիմա Մարտի 1-ի գործով դատապարտվել է մոտ 90 քաղաքացի, որոնք հիմնականում Շարժման ներկայացուցիչներ են, 2 ոստիկան պայմանական պատժի է դատապարտվել, նաեւ՝ 15-16 «թալանչիներ», որոնք սադրիչ խմբերի կազմում իրականացրել են հարակից տարածքների` խանութների, կրպակների թալանը: Նրա խոսքով՝ եթե նույնիսկ Մարտի 1-ի հանձնաժողովը ստեղծվի, բայց այդ հանձնաժողովի ներսում նաեւ գործադիր մարմիններին համապատասխան հանձնարարականներ չտրվեն, դրա ստեղծումն անիմաստ կլինի: 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի քննարկել մարտի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու հարցը, սակայն ԲՀԿ անդամներից որևէ մեկը կաշկանդված չէ մասնակցել։ «Մեզանից ցանկացած ոք ազատ է լինելու գնալ այնտեղ, և ես ինքս՝ անձնապես, այդ հանրահավաքին ներկա լինելու եմ»,– ասել է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ 

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարել է, որ մարտի 1-ին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները նույնպես կմասնակցեն Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքին: Նա նշել է, որ իրենից բացի՝ հանրահավաքին կմասնակցեն Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը և այլք: 

Հայաստանում 2013 թվականին մարդու իրավունքների ոլորտի հիմնական պրոբլեմը ժողովրդի իրավունքների սահմանափակումներն են իշխանափոխության առումով: Սրա մասին է նշվում ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում: Այնուհետև շեշտադրվում են կոռուպցիայի, կառավարության ոչ թափանցիկ գործունեության, ինչպես նաև դատական համակարգի ոչ բավարար անկախության պրոբլեմները:  Ավելի մանրամասն զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ

Խոսելով վերը նշված զեկույցի մասին՝ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Պետդեպարտամենտը փոքր-ինչ մեղմ գնահատական է տվել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: 

Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը այսօր մամուլի ասուլիս է տվել Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: Նա օրերս ապաստան էր խնդրել Ռուսաստանի Դաշնությունից: 

Ներկայացնելով վերջին շրջանում Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների իր վարկածը, Յանուկովիչը նշել է, որ «Կիեւում իշխանությունը զավթել են զինված ավազակները»: Ասուլիսին Յանուկովիչը ներկայացել է որպես Ուկրաինայի գործող նախագահ: «Ինձ ոչ միայն խաբել են, ինձ ցինիկաբար են խաբել եւ ոչ միայն ինձ, այլ ողջ ուկրաինական ժողովրդին: Ես կուզեի պատասխան լսել (քաղաքական ճգնաժամը լուծելուն ուղղված համաձայնագիրը) ստորագրողներից: Այս հարցը օրակարգից դուրս չի եկել»,- նշել է նա:  

Եվ վերջում՝ մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ, մեր այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Էներգետիկայի փոխնախարար. ՄՄ-ի գազը իրանական գազին վնաս չի ‘
Հաջորդ հոդվածը‘Բեռնար Շալանդը նշանակվել է Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ‘