‘Օրվա համառոտ ամփոփում’

972

Այսօր հայտնի է դարձել, որ Վերաքննիչ դատարանը մարտի 21-ին կքննի «Լիսկայի գործով» Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Բեկթաշյանը որոշում էր կայացրել Բուդաղյանների գործով բողոքի վարույթը կասեցնել՝ մինչև գործին առնչվող նյութերը տրամադրվեն դատարանին: Այժմ Վերաքննիչ դատարանում վիճարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը: 

Իսկ մարտի 12-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Աբովյանի նստավայր) տեղի կունենա Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի գլխավորությամբ: 

Այսօր Բաքուն վերադարձրել է Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Մամիկոն Խոջոյանին։ Ինչպես տեղեկացնում են ԿԽՄԿ Հայաստանյան գրասենյակից, անձը հայաստանյան պաշտոնյաների խնամքին է հանձնվել ադրբեջանական Ղազախի և հայկական Իջևանի միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ 

iLur.am-ը այսօր զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ, ով նշել է, որ Հայաստանում հասունացած են բոլոր նախադրյալները` «փաթեթային» կամ «փուլային» տարբերակով ամբողջական արտահերթ իշխանափոխություն իրականացնելու համար: Նրա խոսքով՝ իշխանափոխության «փուլային» տարբերակն ավելի խելամիտ է` հաշվի առնելով արտաքին քաղաքական մարտահրավերները: 

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնությունը մարտի 4-ին հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ մարտի 7-ին՝ ժամը 12:30-ին նախաձեռնությունը պիկետ կանցկացնի ֆինանսների նախարարության մոտ՝ պահանջելով դադարեցնել գերատեսչության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա: Հայտարարությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: 

Հայ ազգային կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ազատության հրապարակում մարտի 1-ին կայացած հավաքին՝ նշելով, որ 2011 թվականից ի վեր այն ամենահզորն ու մարդաշատն էր, որն առանձնահատուկ ոգեւորություն առաջացրեց իշխանական պատվերով աշխատող անձանց ու լրատվամիջոցների մոտ: 

Ուկրաինայում մի խումբ զինված մարդիկ ուժի գործադրմամբ գրավել են «Կերչ» սահմանապահ ծառայության բաժնի տեղակայման վայրը: «Մարտի 3-ին, մոտավորապես ժամը 19.00-ին, «Ղրիմ-Կուբան» լաստանավային անցակետ է ժամանել «Եյսկ» լաստանավը՝ Ուկրաինա մուտք գործելու համար: Երկու ավտոբուսների սահմանապահ ստուգում անցկացնելիս դրանցից մեկում հայտնաբերվել են ավտոմատ զենքերով և ատրճանակներով զինված յոթ մարդ, որոնք Ուկրաինա զենք ներկրելու թույլտվություն չեն ունեցել»,- ասվում է ուկրաինական սահմանապահ ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այդ անձինք բանի տեղ չեն դրել սահմանապահ ծառայության արգելքը և ներխուժել են անցակետ: 

Ուղղափառ եկեղեցու Կիեւի պատրիարքությունից դեպքի վայր է ժամանել Արքեպիսկոպոս Կլիմենտը, ով օրհնել է ուկրաինացի զինվորականներին, իսկ ռուսական զորքերին անվանել «օկուպացնողներ»: 

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր  ժամանել է Կիև՝ երկրի նոր իշխանությունների հետ երկրում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով: Հայտնի է, որ Քերին արդեն հարգել է զոհվածների հիշատակը Կիևի կենտրոնում: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: 

Ուկրաինայի ճգնաճամը կարգավորելու նպատակով ԱՄՆ-ը սառեցրել է Ռուսաստանի հետ առևտրի և ներդրումների վերաբերյալ բոլոր բանակցությունները: Այդ մասին ասվում է ԱՄՆ առևտրի ներկայացուցչի  վարչության պաշտոնական հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ԱՄՆ-ը դադարեցրել է նաև ռազմական շփումները Ռուսաստանի հետ: 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր իր նստավայրում մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինայի՝ իշխանությունից հեռացված նախագահ Վիկտոր Յանուկովիչը քաղաքական ապագա չունի: Պուտինը նաև հավելել է, որ Ուկրաինայում Յանուկովիչին կարող էին սպանել, եթե նա չհեռանար երկրից: «Մահը օրինակարգ նախագահից ազատվելու ամենահեշտ ձևն է»,- նշել է Պուտինը: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը տարակուսած է Պուտինի խորհրդականի հայտարարությունից’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանցիսկոս պապը քարոզի ժամանակ պատահաբար հայհոյել է’