‘Օրվա համառոտ ամփոփում’

980

Եռաբլուրն այսօր մարդաշատ էր: Հարյուրավոր մարդիկ, հասարակական-քաղաքական խմբերի ներկայացուցիչներ  ժամանել էին պանթեոն` սպարապետ Վազգեն Սարգսյանի հոբելյանին՝ հարգելու նրա հիշատակը: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր նույնպես ծաղկեպսակ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին:

«Որքան մենք հեռանում ենք այն օրից, երբ դավադիր գնդակը խլեց մեզանից մեր սպարապետին, այնքան ավելի ենք հասկանում նրա դերն ու նշանակությունը բոլորիս համար: Սպարապետն այն եզակի գործիչներից է, որ իր կյանքը ներդրեց Հայաստանի հարատեւման համար», — iLur.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի զինակից, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը

Մարտի 5-ին վաղամեռիկ լրագրող, հրապարակախոս, բանաստեղծ Գայանե Բաբայանի ծննդյան օրն է: Բաբայանը թղթակցել է «Հրապարակ» օրաթերթում` հիմնադրման առաջին օրվանից մինչեւ ողբերգական մահը: Նրա կենդանության օրոք տպագրվել է միայն մի գիրք` «Մենապար» բանաստեղծությունների ժողովածուն: 

Այսօր շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ փորձել են արել պիկետ իրականացնել Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև՝ բողոքելով Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի վարած քաղաքականությունից: Ոստիկանությունը թույլ չի տվել ակցիան անցկացնել դեսպանատան մայթում, ինչի հետևանքով հրմշտոց է առաջացել, չորս մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն: 

Հայտնի է դարձել, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Ինչպես «Ա1+»-ին հայտնել է նրա պաշտպան Արա Զաքարյանը, առաջիկա օրերին գործն արդեն կուղարկվի դատարան։ 

Այսօր Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող» ժամանակավոր հանձնաժողովը գումարեց  իր երկրորդ նիստը: iLur.am-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ նիստի ընթացքում խնդիրները բաժանվեցին 4 խմբի, որոնք պետք է ուսումնասիրվեն զուգահեռաբար՝ աշխատանքային խմբերում եւ ընդհանուր խմբում: 

ԲՀԿ ԱԺ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր նամակով դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսին` Ադրբեջանում գերության մեջ հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ճակատագրի առնչությամբ: Նամակն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հատուկ քննչական ծառայությունում «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 164-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այսօր Անի Գեւորգյանը iLur.am-ին հայտնեց, որ սույն քրեական գործի պատճառով Ներքին վարչությունը կանգնեցրել է քննությունը: Նշենք նաեւ, որ ծառայողական քննությունը նշանակվել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից: 

Ուկրաինական «Աջ սեկտոր» խմբավորման ղեկավար Դմիտրի Յարոշի նկատմամբ Ինտերպոլի խողովակներով միջազգային հետախուզում է հայտարարվել, որոշում է կայացվել նրան հեռակա ներգարավել որպես մեղադրյալ: Այս մասին տեղեկացրել է ՌՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: 

Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի մասնակցի «Ությակի խմբի» գագաթնաժողովին, որը նախատեսված է անցկացնել Սոչիում այս տարվա հունիսին: Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ «ԱՄՆ նախագահը չի մասնակցի գագաթնաժողովին, եթե Մոսկվան չնահանջի Ուկրաինայի հարցում»: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Կորեայում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ‘
Հաջորդ հոդվածը‘Կանադահայերը կոչ են անում Շվեյցարիային բողոքարկել ՄԻԵԴ-ի վճիռը’