‘Օրվա համառոտ ամփոփում’

1240

Այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի եւ ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը:  Հանդիպման ժամանակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ամենակարևոր հարցը 4 քաղաքական ուժերի համագործակցությունն է՝ փոխադարձ համաձայնության եւ հարգանքի մթնոլորտում: Նրա խոսքով, եթե նույնիսկ կան հարցեր, որոնք տարաձայնություն են առաջացնում, դրանք պետք է լուծվեն ավելի լայն քննարկումների միջոցով: Լեւոն Զուրաբյանն իր համաձայնությունն է հայտնել, որ «հրաշալի» քառյակի խորացված համագործակցությունը կարող է ապահովել անցնցում իշխանափոխություն: 

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Միասնական քննչական կոմիտե» ստեղծելու մասին օրինագիծը, որը նախատեսում է Ոստիկանության եւ Պաշտպանության նախարարության քննչական մարմինների միավորում:  

Իսկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքում և «Ազգային ժողովի» կանոնակարգ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը Ազգային ժողով է ներկայացնելու հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: 

Խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ Հայ ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով ամբողջությամբ անդրադարձել է մարտի 1-ի գործին: 

Խոսելով «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագծի մասին՝ Արամ Մանուկյանը նշել է, որ դա հանրության շահին դեմ է՝ հավելելով, որ գովազդի դաշտի կարգավորումը շուկայական տնտեսության պարտադիր բաղադրիչներից մեկն է: Իսկ գովազդի բնագավառում աղաղակող թերացումները, ըստ պատգամավորի, այդ դաշտում մոնոպոլ դրսեւորների հետեւանքն է: «Դաշտում չկա մրցակցություն, ինչն առաջացրել է մի շարք թերություններ»,- ասաց Մանուկյանը: 

Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը նշել է, որ Հայաստանում ջրային պաշարների պահպանության քաղաքականության բացակայությունը սպառնում է լուրջ խնդիրների առաջացմանը: «Հանրապետությանը լուրջ խնդիրներ են սպառնում այն դեպքում, եթե համարժեք պատասխան չտրվի թուրքական կողմի գործողություններին, որը հայտարարել է մի քանի ջրամբարների կառուցման մասին»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանը, ունենալով 7 մլրդ խմ ջրի վերականգնվող պաշարներ, խոշոր ջրամբարների ստեղծման ոչ մի ծրագիր չի իրագործում: 

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մտադիր չէ դադարեցնել պայքարն ընդդեմ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի կիրառման: Մարտի 11-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է նախաձեռնության ակտիվիստ Արսեն Մանուկյանը: Նրա խոսքով, արդեն մարտի 22-ին Երևանի Ազատության հրապարակում կկայանա բողոքի հանրահավաք, որի ընթացքում կհրապարակվեն ներկայացվելիք նոր պահանջները:

Մի շարք քաղաքացիներ մարտի 11-ին Ազատության հրապարակում իրականացրեցին ակցիա՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսյանի եւ մնացած նոյեմբերի 5-ին ձերբակալված քաղբանտարկյալների: Ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ: 

Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը այսօր Դոնի Ռոստովում հայտարարել է, որ որպես Ուկրաինայի նախագահ՝ իր օրինակարգության մասին, մտադիր է դիմել ԱՄՆ Կոնգրեսին՝ խնդրելով իրավական գնահատական տալ Ուկրաինայում տիրող իրավիճակին: Ի պատասխան իր մահվան մասին լուրերի՝ Յանուկովիչը պատասխանել է, որ կենդանի է: Նա նշել է, որ Ուկրաինայում շարունակվում են անկարգությունները, «մութ ուժերը» ցանկանում են քաղաքացիական պատերազմ սանձազերծել: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Շրի Լանկայում դահիճը կախաղանի տեսքից հոգեխանգարվել է’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիա. հանրահավաքի ժամանակ վիրավորված պատանին վախճանվել է’