‘Օրվա համառոտ ամփոփում’

883

Օրը համեմատաբար հանգիստ էր. Պաշտոնական այցով հունիսի 3-ին Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Շվեյցարիայի Նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: 

ԵԱՀԿ նախագահն հանդիպումներ է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: 

Լրագրողների հետ զրույցում Բուրկհալտերը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն աջակցում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերին, որով նա առաջարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել Փարիզում: ԵԱՀԿ նախագահի խոսքով՝ նոր հանդիպումը պետք է դառնա նոր փուլի եւ բանակցությունների արդյունքում խաղաղության հաստատման սկիզբ: 

ՀՀ կառավարությունը այսօր գումարել է հերթական նիստը, որտեղ անդարադարձ է եղել նաեւ Կոմիտաս 5-ում իրականացվող շինարարական աշխատանքներին: 

Նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե ինքը այլ երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպաններին առաջարկել է, որ նրանք նաև զբաղվեն Հայաստան ներդրումներ ներգրավելով: Ինչին ի պատասխան դեսպանները հայտարարել են, որ իրենց առաջարկները նախարարների կողմից պատշաճ ուշադրության չեն արժանանում, իսկ եթե նույնիսկ արժանանում են, ապա դեսպանները դրան տեղեկացված չեն:

Վարչապետի որոշմամբ Կարինե Մինասյանն այսօր ազատվել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Նշենք, որ Կարինե Մինասյանը ղեկավարում էր Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խումբը և, ըստ էության, գլխավոր բանակցողն էր: 

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Անաստաս Միկոսյանի արձանի տեղադրման հարցին, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Միկոյանի միջոցով է կանխվել երրորդ համաշխարհային պատերազմը: «Եվ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 600 հազար հայեր զոհվեցին, շատ հնարավոր է էդ ժամանակ էլ այդքան հայ զոհվեր»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է Անաստաս Միկոյանի կենսագրությունում հիշել դրական դրվագ, որի համար արժե նրա կիսանդրին տեղադրել Երևանում: 

Հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը, որով տեղեկացնում է, որ Վրաստանի արդարադատության նախարարի կողմից 03.06.2014թ. որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը թույլատրելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Ա.Սուքիասյանը Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել էր  31.01.2014թ: 

Հայտնի է դարձել, որ ոստիկանությունը քրգործ չի հարուցել մայիսի 25-ին Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով՝ հանցակազմի բացակայության պատճառով: Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ «լիսկա» Խաչատրյանի եղբոր որդին ծեծի էր ենթարկել, առևանգել էր, և որոշ տեղեկություններով նույնիսկ դանակահարել էր երկու քաղաքացու: Որոշ տեղեկություններով, տուժողները նույնիսկ դանակի հարվածներ են ստացել: 

Փոխարենը՝ քրեական գործ է հարուցվել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու նկատմամբ: 

Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԲՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված անձանցից 21-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը նշել է , որ ինքնաբացարկը ներկայացրել են ցուցակի 65֊րդ և հաջորդող տողերը զբաղեցնող անձինք: 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 4-ին Վարշավայում հանդիպել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինային ուժային օգնության հարցում ԱՄՆ-ի մասնակցության, տնտեսական իրավիճակի, երկրում խաղաղության հաստատման, ինչպես նաեւ Կիևի՝ ՌԴ-ից էներգետիկ կախվածության կրճատման վերաբերյալ հարցեր: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Եգիպտոս. Նախագահ՝ առանց ծրագրի’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է ոչիշխանական 4 ուժերի ներկայացուցիչների հետ’