‘Օրվա համառոտ ամփոփում’

934

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Շանթ Հարությունյանի գործով դատական նիստը: Նշենք, որ դատական նիստի համար ընտրվել է ամենամեծ դահլիճը, սակայն ոչ բոլոր ամբաստանյալների հարազատներն են կարողացել ներկա գտնվել դատական նիստին: 

Նիստից առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել դատարանի բակում։ Մի երիտասարդ կանգնել է մեքենայի վրա՝ գազային ատրճանակը ձեռքին, ու հայտարարել. «Այստեղ ռումբ է տեղադրված, մեկը չկա՞, որ գա ինձ բռնի»: Երբ ոստիկանները մոտեցել են երիտասարդին և փորձել իջեցնել մեքենայի վրայից, երիտասարդը հանել է զենքը ու սկսել կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ 

Ավելի ուշ պարզվել է, որ կրակոցներ արձակած անձը 1983 թ. ծնված Հայկ Կյուրեղյանն է: 

* * *

Ազգային ժողովում քննարկումները շարունակվում են. 67 կողմ, 40 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը այսօր ընդունեց «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Ոչ իշխանական 4 խմբակցությունները դեմ քվեարկեցին, ՕԵԿ-ը՝ ձեռնպահ: 

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նշեց, որ  այս օրենքը ընդամենը որոշ գործարար շրջանակների կողմից իրականացվող լոբինգ է, որին ընդառաջ են գալիս պատգամավորները և կատարում են խորհրդարանից դուրս որոշ մարդկանց կամքը: «Բացատրությունը այն է, որ ամբողջ աշխարհը գնում է խմիչքի և ծխախոտի գովազդի քչացման ուղղությամբ, ամբողջ աշխարհը գնում է ծխախոտի դեմ՝ հնարավորինս զերծ պահելով երեխաներին ծխախոտի և խմիչքի գովազդից: Սա և՛ առողջապահական, և՛ անվտանգության խնդիր է, իսկ ծխախոտը և ալկոհոլը բոլորիս համար պարզ է, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ, երբ մասսայական են»,- ասաց Մանուկյանը: 

Գագիկ Ջհանգիրյանը իր ելույթում անդրադարձավ «ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին՝ մանրամասնելով ներկայիս դատական համակարգի վիճակի մասին:

Հինգշաբթի գիշերը Դոնեցկի մարզի Շախտյորսկի շրջանի Կիրովսկոե քաղաքում՝ «Գրանդ-Ինվեստ-Պլյուս» ընկերության հանքավայրում, 300 մ խորության վրա տեղի է ունեցել գազաօդային խառնուրդի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Պայթյունի ժամանակ հանքահորում են եղել ինը հանքափորներ, որոնց ճակատագիրն անհայտ է: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ ասյտեղ:

Նախորդ հոդվածը‘Ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նոր նախագահ’
Հաջորդ հոդվածը‘Երևանում բետոնե կոնստրուկցիա է ընկել քաղաքացու վրա. Նրա վիճակը ծանր է’