‘Օրվա համառոտ ամփոփում’

868

Օրը լի էր ամենատարբեր իրադարձություններով. Կառավարության առաջարկով այսօր ժամը 12:00-ին ԱԺ-ն գումարեց արտահերթ նիստ: Նիստին քննարկվեցին մի շարք աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններ: Մասնավորապես, «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ: 

Նիստում քվեարկության դրվեցին մի շարք օրենքի նախագծեր և ԱԺ որոշման նախագծեր, որոնցից երկուսի օգտին կողմ քվեարկեցին 63 ՀՀԿ-ականներ, և որոշման նախագծերը չընդունվեցին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը միանգամից 20 րոպե ընդմիջում խնդրեց: 

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, դիմելով Գալուստ Սահակյանին՝ նշեց, որ վերջինս ԱԺ  կանոնակարգ-օրենքի կոպիտ խախտում է թույլ տվել: Զուրաբյանը հիշեցրեց, որ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն 20 րոպե ընդմիջում խնդրեց լիովին այլ հարց էր քննարկվում, սակայն, ընդմիջումից հետո այլ օրինագիծ է դրվել քննարկման:

Ազգային ժողովում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ներկայաված օրինագիծը ինքը դիտարկում է որպես ԱԺ ոչ իշխանական քառյակի 12 պահանջներից մեկի կատարում, բայց թերի եւ մասնակի կատարում:«Ինչքան էլ ասեք, որ ոչ մի պահանջ չեք կատարելու, իշխանությունները այդ մասին հայտարարել են մի քանի անգամ, այդուամենայնիվ, սա այդ պահանջներից մեկի կատարումն է: Ցավում եմ, որ թերի է կատարվում, որովհետեւ եթե մենք այս նվազեցված տուգանքների չափերը համադրում ենք մեր նվազագույն աշխատավարձի հետ, գործազրկության նպաստի հետ, նաեւ գործազրկության տոկոսի հետ, էլի մեծ թվեր են»,- նշեց Ջհանգիրյանը:

Բավականին զավեշտալի միջադեպ արձանագրվեց այն պահին, երբ գյուղնախարար Սերգո Կարապետյանը ներկայացնում էր «Կերի մասին» նոր օրենքը: Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմելով Կարապետյանին՝ մի քանի մեջբերումներ արեց այդ օրենքից: 

Լեւոն Զուրաբյանն լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարություններին, թե Քառյակն իր 12 կետանոց հայտարարությունում լեզվաշարադրական սխալ է թույլ տվել՝ գրելով «պահանջ» բառը: «Միակ լեզվաշարադրական սխալը, որ Քառյակն արել է, Սերժ Սարգսյանի հեռացումը չպահանջելն է, բայց դա էլ կշտկենք իր խաթր»,- ասաց նա:

Ժամեր առաջ Աֆրիկյանների տան քանդման աշխատանքները վերսկսվել են, չնայած նրան, որ մշնախի ներկայացուցիչը հայտնել է, որ դեռ կան փաստաթղթերի հետ կապված խնդիրներ: Բանվորները հասցրել են ևս մի քանի քար հանել տան պատից: Նշենք, որ մշակությաին օջախի համար պայքարող ակտիվիստները շուրջօրյա հերթապահություն են սահմանել: Հավելենք, որ ակտիվիստների պայքարին են միացել շրջակայքում ապրող քաղաքացիները:

Վճարովի կայանատեղիների, արագաչափերի և ճանապարհային խախտումների ապօրինի տուգանքների դեմ պայքարող «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունն այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց հրավիրել էր մամուլի ասուլիս՝ տեղեկացնելով, որ վաղը կկայանա անհնազանդության ավտոերթ եւ նախաձեռնությունը կներկայացնի իր պահանջները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը Հայաստանում են: Երեկ նրանք մի շարք հանդիպումներ են ունեցել պաշտոնատար անձանց հետ: Երեկ գերմանացի համազեկուցող Աքսել Ֆիշերը պատասխանել է iLur.am-ի հարցերին: Մասնավորապես, նա հայտարարել է, թե չնայած երկու տարի Հայաստան չեն այցելել, սակայն, մեր խնդիրների մասին չեն մոռացել, հայտարարել է, թե Մարտի մեկի խնդիրը մոռացված չէ եւ չի կարող մոռացվել, եւ նաեւ տեղեկացրել է, որ Հայաստան կատարած այցից հետո՝ այցի արդյունքներով զեկույց են պատրաստելու: 

Այսօր պաշտոնական այցով Վրաստան է այցելել Սերժ Սարգսյանը: Նա իր ելույթում շնորհակալություն է հայտնել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այն բանի համար, որ ընդունեց հայկական կողմի առաջարկը՝ այսօր Թբիլիսիում անցկացնել համերգ՝ նվիրված մեծ արվեստագետ Սայաթ-Նովայի հոբելյանին: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Իրանն «ամեն ինչ կանի»՝ Իրաքում շիա սրբավայրերը պաշտպանելու համար’
Հաջորդ հոդվածը‘Գրոհայինները գրավել են Իրաքի խոշորագույն ՆՎԳ-ի տարածքի 75 %-ը’