‘Օրվա համառոտ ամփոփում’

1005

Օրը համեմատաբար լարված էր. Այսօր՝ ժամը 12:30-ին, մի շարք քաղաքացիներ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ (Սարյան 22) կազմակերպել էին ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Ոստիկանները բռնություն կիրառելով բերման են ենթարկել ակցիայի գրեթե բոլոր մասնակիցներին՝ մի քանի տասնյակ մարդու:

Ոստիկանական բռնի գործողությունները շարունակվել են նաեւ Կենտրոնի բաժանմունքի մոտ: Մասնավորապես, նրանք բռնություն են գործադրել  լրագրող Անի Գեւորգյանի հանդեպ, իսկ վերջինիս եղբորը՝ օպերատոր Սարգիս Գեւորգյանին ոստիկանության շենքի մոտից բերման են ենթարկել: Սարգիսը ոստիկանության բաժանմունքից հեռախոսով հայտնել է, որ ներսում իրեն հարվածել են, ու գցել են գետնին: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Ակտիվիստներին են այցելել ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Էլինար Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը: Բաժանմունքից դուրս գալուց հետո Մանուկյանը լրագրողներին ասել է, որ քառյակի ուժերով իրենք քննարկել են այս հարցը, բոլոր փաստերը հավաքվում են, այս մասին իրենց կուսակցությունների այն ներկայացուցիչները, ովքեր այս օրերին գտնվում են Ստրասբուրգում, ԵԽԽՎ-ում ներկայացնելու են կատարվածը: Մանուկյանը նաեւ նշեց, որ բերման ենթարկվածներից ամենահարցականը ակտիվիստ Նարեկ Հակոբյանի հարցն է, ում նկատմամբ հնարավոր է՝ քրգործ հարուցվի, չնայած պատգամավորների հորդորներին՝ ոստիկաններին, որպեսզի իրավիկճակն ավելի չլարեն: 

iLur.am-ի հետ զրույցում բերման ենթարկված ակտիվիստները նշել են, որ իրենց հանդեպ բռնություն են գործադրել հատկապես բերման ենթարկելու ժամանակ, որի արդյունքում ստացել են բազմաթիվ վնասվածքներ: Նշենք, որ ակտիվիսներից երկուսին Կենտրոնի ոստիկանության բաժանմունքից տեղեփոխել են հիվանդանոց: Ակցիայի մասնակիցների խոսքով` իրենք հետեւողական են լինելու ոստիկանական ապօրինությունների նկատմամբ եւ դիմելու են համապատասխան մարմիններին:

Ժամը 19:30-ի դրությամբ՝ բոլոր ակտիվիստները ազատ են արձակվել:

***

Անդրադառնանք օրվա այլ նորություններին. Վերաքննիչ քրեական դատարանը այսօր անփոփոխ թողեց «Հարսնաքարի գործով» Առաջին ատյանի դատարանի վճիռը, որի համաձայն ամբաստանյալներից յուրաքանչյուրը դատապարտվել էին 12-ական տարվա ազատազրկման: Վճռի հրապարակումից հետո կրկին վատացել է ամբաստանյալներից մեկի՝ Գարիկ Մարգարյանի մոր ինքնազգացողությունը:  

Հունիսի 23-ին Հայաստան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել արտաքին գերատեսչությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը: Սերգեյ Լավրովը նաև այցել է Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այսօր մեկնարկող ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ բյուրոյի հաշվետվության զեկույցի ժամանակ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ քարտուղարություն է հանձնել իր ելույթը՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության Սարսանգի ջրամբարի հետ կապված։ Ելությով է հանդես եկել նաեւ պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը, ում ելույթը ներկայացնում ենք այստեղ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում երկու պետությունների ղեկավարները նշել են ռուսաստանա-ադրբեջանական համագործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև արտահայտվել են այն ավելի խորացնելու օգտին: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:


Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն խստացրել է պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը ռմբակոծել է Սիրիայի տարածքը’