‘Օրվա համառոտ ամփոփում’

1185

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում շոշափվել են աշխարհաքաղաքական հարցեր` կապված Եվրասիական միության և Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների հետ: 

Հունիսի 26-ին կառավարության նիստի ժամանակ, դիմելով ներկաներին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, թե անընդունելի է համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը: «Ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը: Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ»,- ասել է նա: Նման գործելաոճը Հովիկ Աբրահամյանը որակել է որպես ամենաթողություն, որն էլ հենց անարխիայի հենասյուներից է, իսկ հանդուրժել անարխիան՝ նշանակում է վտանգել երկիրը: 

Հովիկ Աբրահամյանի այս հայտարարության շուրջ զրուցեցինք «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Վարդան Զեյնալյանի հետ, ով նշեց, որ հենց կառավարությունը չի հասկանում, թե ինչ է անարխիան: «Թող իրենք իրենց նախարարություններում նորմալ վերահսկողություն սահմանեն, մարդկանց ամեն ինչով ապահովեն եւ հետո փորձեն հասկանալ, թե ինչու են մարդիկ դժգոհում: Ի՞նչ է, Աբրահամյանը կարծում է, թե մե՞նք ենք երկիրը անարգողն ու թուլացնողը»,- ասաց նա: 

Մոտ 3000-ից ավելի գյուղացիներ այսօր փակել էին Արտեմի-Արմավիր-Թալին-Գյումրի ավտոճանապարհը, քանի որ երեկ՝ հունիսի 25-ին, կարկտահարության հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել են գյուղացիների այգիները ու ցանքատարածությունները: Արագածոտնի մարզպետի հետ բանակցություններից հետո գյուղացիները որոշել են ճանապարհը բացել: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Հատուկ քննչական ծառայությունում «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 164-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ժամեր առաջ լրագրողը ծանուցում է ստացել այն մասին, որ իր նկատմամբ ոստիկանների կողմից բռնության կիրառման վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել է: «Ես մինչ այդ էլ ասել էի, որ ոստիկանները կենթարկվեն պատասխանատվության այն դեպքում, եթե լինի քաղաքական որոշում կամ ցանկանան շոու սարքել, իսկ այս դեպքում նպատակահարմար չգտան շոու սարքելու տարբերակը»,- այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Անի Գեւորգյանը՝ նշելով, որ գործը կարճելով՝ իրավապահ համակարգը խրախուսում է հետագա ապօրինությունները: 

Այսօր Սերժ Սարգսյանը հրապարակել է իր հրամանագիրը, որով Թաթուլ Մարգարյանը ազատվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից: Սարգսյանի մեկ այլ հրամանագրով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ առավել շատ հայտնի Օֆշորի Տիկո մականունով: 

Վերաքննիչ դատարանը հունիսի 26-ին բավարարել է Մարզահամերգային համալիրի հայցը եւ կասեցրել ԴԱՀԿ-ի հայտարարած աճուրդի որոշումը։ Աճուրդի հայտարարման առաջին իսկ օրից ընկերությունը հայտարարում էր դրա անօրինական լինելու մասին, սակայն այն չէր դադարեցվում։ Նշենք նաեւ, որ այսօր Սերժ Սարգսյանը Մուրադ Մուրադյանին ազատել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Վերջինիս եղբայրները հանդիսանում են Մարզահամերգային համալիրի հիմնական սեփականատերերը: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:

 

Նախորդ հոդվածը‘Ալժիր-Ռուսաստան. Ռուսների վճռական ճակատամարտը ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում է կարճաժամկետ տոկոսադրույքների նվազումը’