‘Օրվա համառոտ ամփոփում’

955

Հոկտեմբերի 18-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտութան կարգավորման հարցում ՆԱՏՕ-ն որևէ դեր չի խաղում, սակայն Դաշինքն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: 

Այսօր Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքարի գործով» հերթական դատավարությունը: Նախորդ դատը հետաձգվել էր մեղադրող կողմի խնդրանքով՝ միջնորդություններ ներկայացնելու նպատակով, սակայն այսօրվա դատաքննության ընթացքում ինչպես դատախազ Արմեն Մարուխյանը, այնպես էլ մյուս կողմերը  հայտնեցին, որ միջնորդություններ չունեն: Դատավորը հարկ համարեց հարցաքննել նաև քրեական գործով տուժողներ ներգրավված անձանց, այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 21-ը: 

Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել, որով աշխատանքից ազատել է փոխոստիկանապետ՝ Հովհաննես Հունանյանին, ում փոխարեն նշանակվել է Անուբաղ Համբարյանը:  Ինչպես նաև դադարեցրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ (նախագահ) Էմիլ Բաբայանի լիազորությունները: Մեկ այլ հրամանագրով Սարգսյանը Բաբայանին նշանակել է գլխավոր դատախազի տեղակալ: 

Խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրու Կարեն Դեմիրճյան փողոցում տեղակայված տնային կառավարչության շենքում, որը համակարգում էր քաղաքի բոլոր համատիրությունների աշխատանքը: Հրդեհը գրանցվել է ժամը 15-ի սահմաններում՝ աշխատանքային ժամին: 

ԵվրաԶԷՍ-ի Ինստիտուտի տնօրեն, ՌԱԱ Գիտխորհրդի Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի Բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը այսօր հայտարարել է, որ Մաքսային միությունում Հայաստանի ձեռքերը ոչ ոք չի ոլորի, իսկ ցանկացած որոշում այդ կառույցի շրջանակներում կընդունվի կոնսենսուսի արդյունքում: 

Հերթական վատ լուրը. հրազենային վնասվածքից ժամկետային զինծառայող է մահացել:

Թեեւ համաներումը տարածվում է պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի վրա, բայց նրան ազատ չեն արձակում: Այս մասին այսօր հայտարարել է նրա փաստաբան Արա Զաքարյանը:

Այսօր Հնդկաստանում հնէաբանական պեղումներ են մեկնարկել, որոնց նպատակն է՝ գտնել հինավուրց ամրոցում թաղված հազարավոր տոննա ոսկին: Իշխանությունները գանձի մասին տեղեկացել են իմաստուն Շոբհան Սարկարից: Իմաստունն իր հերթին գանձի գոյության մասին իմացել է երազից: Նա դրա մասին պատմել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, որը սեպտեմբերին այցելել էր պայծառատես յոգին: 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով պետհամալսարանի ուսանողության առջև հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ստեղծել են «ազատատենչ բանդիտները»: «Գիտե՛ք, թե ովքեր են նավարկել օվկիանոսից այն կողմ, այսինքն՝ դրանք ավազակներ էին, սակայն նրանք ազատատենչ մարդիկ էին»,- հայտարարել է Լուկաշենկոն ու հավելել, թե ԱՄՆ հիմնադիրներին ոչինչ չէր հետաքրքրում՝ բացի իրենց քսակներից: 

Այսպիսի էր այսօրվա օրը, սպասենք վաղվան:

 

Նախորդ հոդվածը‘Էլիս Մունրոն չի ժամանի Նոբելյան մրցանակն ստանալու’
Հաջորդ հոդվածը‘Մեծամասնական ընտրակարգին կփոխարինի ռեյտինգայի՞նը. Մամուլ’