‘Օրվա համառոտ ամփոփում’

1070

Օրը համեմատաբար հանգիստ էր. Շանթ Հարությունյանի և 13 ընկերների գործով անցկացվող հերթական դատական նիստի ընթացքում մեղադրյալների փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանը, Արա Զաքարյանը և Հովհաննես Քոչարյանը այսօր հայտարարել են, թե տեսանյութերի ուսումնասիրությունների արձանագրությունները քննիչների կողմից կոպիտ խախտումներով են կազմվել։ Մասնավորապես, տեսանյութերի ուսումնասիրությունները տևել են 14 օր, սակայն միայն մեկ օրվա արձանագրության տակ առկա են զննությունը իրականացնող քննիչների ստորագրությունները։ 

ՀՀ վարչական դատարանում շարունակվում են բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների գործով դատական նիստերը: Հուլիսի 8-ին դատարանը քննեց օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեից բերման ենթարկված Վարդան Գերավետյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցը, որն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը: Դատական նիստի ավարտին միջադեպ տեղի ունեցավ լրագրողների եւ դատական կարգադրիչների միջեւ, ովքեր փորձում էին խոչընդոտել լրագրողների աշխատանքը՝ դատական նիստի ավարտից հետո: Այն ժամանակ, երբ փաստաբան Տիգրան Եգորյանը պահանջեց, որ ներկայանա՝ կարգադրիչը ասաց՝ «Արի դուրս, կասեմ՝ ով եմ ես», ինչից հետո շրջվեց եւ հեռացավ, իսկ որոշ ժամանակ անց վերադառնալուց հետո՝ բղավեց. «Մենք դեռ կհանդիպենք», եւ լրագրողներին «հիվանդ» անվանելով՝ կրկին հեռացավ: 

iLur.am լրատվական կայքը և «Հրապարակ» օրաթերթը որոշել են վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը, որով դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնությանը: Բռնության հեղինակը Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանն է: 

Կառավարությունը որոշում է կայացրել երեք տարի ժամկետով հարկային արտոնություն տրամադրել օղիների կեղծման և ապրանքանիշերի նմանակման բնագավառում մասնագիտացած «Ա և Գ» ընկերությանը, որը փոխկապակցված է Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Ընկերությունը պատրաստվում է իտալական սարքավորումներով արտադրել էթիլային սպիրտ, որի 25%-ը խոստանում է արտահանել։ Կառավարությունը հուլիսի 10-ի նիստում նախատեսում է հավանություն տալ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած որոշման նախագծին, որում առաջարկվում է երեք տարով հետաձգել «Ա և Գ» ընկերության կողմից ներմուծվելիք 1,32 մլրդ դրամի ապրանքների գծով ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ մինչև 2017թ. հունիսի վերջ։ 

Օֆշորային սկանդալում ներգրավված, հունիսի 19-ից կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանը նմանակել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները, որպեսզի ոչ մեկն իրենից իր բիզնեսը չկարողանա խլել: Այս մասին այսօր ասել է Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ գործարարը հայտնի մարդկանց ստորագրությունները կեղծել է՝ առանց այդ մարդկանց զգուշացնելու: Այս արարքի նպատակն էլ այն է եղել, որ հետագայում պաշտպանի իր բիզնեսը: 

Եւ վերջում, iLur.am-ի այօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Սնոուդենը ԴՄԳ-ից խնդրել է երկարացնել Ռուսաստանում իր մնալու ժամկետը’
Հաջորդ հոդվածը‘Բարեբախտաբար՝ Բրազիլիայում մեծ անկարգություններ չեն եղել’