‘Օրվա համառոտ ամփոփում’

1017

Այսօր վաղ առավոտից «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երթով անցել են 7 կմ՝ հասնելով Կառավարություն։ Նրանք պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը։  Աշխատակիցներին, մեր տեղեկություններով, անհանգստացնում է ոչ միայն իրենց աշխատավարձերի խնդիրը, այլեւ՝ հենց «Նաիրիտ»-ի հետագա ճակատագիրը: 

Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստից առաջ հանդիպել է «Նաիրիտի» աշխատակիցներին եւ խոստել նիստից հետո հանդիպել 20 աշխատակիցների հետ՝ խնդրին առավել մանրամասն ծանոթանալու համար։ 

Մեկնաբանելով ձեռնարկության աշխատակիցների հերթական ակցիան՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ասել է, թե «Նաիրիտ» գործարանի ճակատագիրը կորոշվի առաջիկա երկու ամսվա ընթացքում: 

Ինչպես հայտնի է, երեկ Հովիկ Աբրահամյանը եղել է կարկուտից տուժած Շիրակի մարզի մի քանի գյուղերում: Այցի ընթացքում գյուղացիներից մեկի հետ բավականին ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել, որը ներկայացնում ենք այստեղ

Կառավարության սահմանած կարգով ընտրված «Ա և Գ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2014թ. հունիսի 26-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության այսօրվա որոշմամբ հետաձգվել է մինչև 2017թ. հունիսի 26-ը: Ընկերությունը նախատեսում է Երևանի Արշակունյաց 127/21 հասցեում տեղադրել սպիրտի արտադրության նոր սարքավորումներ՝ կատարելով 1.32 մլրդ դրամի չափով ներդրում: Հայկական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, ընկերությունը պատկանում է Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկ Սամոյին: 

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հուլիսի 10-ին մերժել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացրած հայցը, որով նա բողոքարկում էր առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Հակառակորդն այս գիշեր կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ եւ 4 ժամ շարունակ կրակի տակ պահել ամբողջ գյուղը: Այս մասին հայտնել է Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը: «Կրակոցներ են եղել մինչև գիշերը ժամը 1:30-ը: Թեթեւակի վնասներ են` տանիք, պատուհան, սառնարան: Ժողովուրդն արդեն սովորել է, պաշտպանվում են: Գիշերային ժամերին լույսերն անջատում ենք, մի տեղ պատսպարվում»,- ասել է նա:l

Ուկրաինական դեպքերի կապակցությամբ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում ևս 11 ֆիզիկական անձանց նկատմամբ: Որոշումը կայացվել է նախորդ օրը երեկոյան, ԵՄ հանձնաժողովի՝ մշտական ներկայացուցիչների մակարդակով նիստում: Թե հատկապես ովքեր են հայտնվել ցուցակում՝ հայտնի կդառնա հանձնաժողովի որոշումը շաբաթ օրը ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակելուց հետո: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

 

Նախորդ հոդվածը‘Պուտին. Ռուսաստանը շարունակում է ԱՊՀ երկրների համար հատուկ ծառայությունների աշխատակիցներ պատրաստել’
Հաջորդ հոդվածը‘Գործարարներին «քերում» են մինչեւ վերջին խազը. «Հրապարակ»’