‘Օրվա համառոտ ամփոփում’

1037

Այսօր առավոտյան տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 13-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում ՌԴ Ռյազանի մարզի Սպասկի շրջանի Սպասկ քաղաքից 4 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել թեթև շարժիչով մարդատար ինքնաթիռի օդաղետ, ինչից զոհվել են չորս քաղաքացիներ, որոնցից երեքը ազգությամբ հայեր են՝ Էդուարդ Առուստամյան (օդաչու, ծնվ.1958 թ.), Կարեն Հարությունյան (ուղևոր, ծնվ. 1981 թ.) և Տիգրան Ադամյան (ծնվ.1987թ.): Օդանավի կործանման պատճառները դեռեւս հայտնի չեն: 

Հուլիսի 13-ին Երևանում ազդարարվել է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Բացման արարողությունը նշանավորվել է փառատոնի պատվավոր հյուր աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-Դուկին Փարաջանովյան թալեր մրցանակի հանձնմամբ, ինչին ի պատասխան հռչակավոր արվեստագետը ոչ միայն հանդես է եկել երախտիքի խոսքով, այլև արարողության բոլոր հյուրերին անակնկալ է մատուցել` կատարելով հատված կորեական ազգային երգից: 

Փառատոնին ներկայացված են ավելի քան 1500 հայտեր, (շուրջ 95 երկրից), մրցութային ծրագրում մասնակցության համար ընտրված է ընդհանուր թվով մոտ 70 ֆիլմ, այդ թվում` 10-ը միջազգային խաղարկային, 12-ը` միջազգային վավերագրական, 18-ը` Հայկական համայնապատկեր (որից 7-ը` լիամետրաժ խաղարկային, 6-ը` կարճամետրաժ, իսկ 5-ը` վավերագրական) և մոտ 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում: 

ՀՀ պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարություն է տարածել, որով անդրադառնում է վերջերս ադրբեջանական կողմի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողության դիվերսիոն խմբի գերեվարված անդամներին՝ նշելով, որ նրանց նկատմամբ կիրականացվի քրեական հետապնդում: 

Վերջերս ձեւավորված «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը ութ պահանջ է ներկայացրել ՀՀ պետական մարմիններին, որոնք վերաբերում են ՀՀ-ում էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին: Պահանջներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:  

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել մի մարդ, որը ոչ մի կապ չունի սպորտի հետ: News.am-ի հետ զրույցում նախարար Գաբրիել Ղազարյանի մասին նման կարծիք էր հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Ի՞նչ կապ ունի նա սպորտի հետ, ի՞նչ է հասկանում սպորտի պրոբլեմներից, դե թող մեկը քննադատի, ինչո՞ւ չեն քննադատում: Տարվա վերջին գալու է մի աղջիկ ծաղիկ մատուցի, թուղթ մատուցի, տա սպորտի նախարարին եւ ստացվի, որ այդ աղջիկն է անում նախարարի գործը»,- ասել էր նա:  Ի պատասխան Ռուբեն Հայրապետյանին՝ նախարարությունը հուլիսի 14-ին պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանին՝  նշվում է, որ նման մարդիկ իրենց վստահված ոլորտներում առաջընթաց ապահովելու փոխարեն փնովում են այլոց աշխատանքը և անհիմն վատաբանում նրանց: 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է Արմեն Աշոտյանը: Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռոբերտ Սուքիասյանը ներկայացրել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2014 թվականի ընդունելության արդյունքները, որի համաձայն`  290 դիմորդ դրական միավորներ են ստացել, բայց որևէ բուհ չեն ընդունվել: 169 դիմորդ չի ներկայացրել ատեստատ: 

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում պարտություն կրած Արգենտինայի հավաքականի երկրպագուները այսօր Բուենոս-Այրեսի կենտրոնում անկարգություններ են կազմակերպել, քարեր են շպրտել ոստիկանության ուղղությամբ, որն էլ ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ: Գերմանիայի հավաքականի երկրպագուներն, ընդհակառակը, իրենց հավաքականի հաղթանակը նշել են Ռիո-դե-Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում պարելով, որտեղ նրանց միացել են նաև բրազիլացի ֆուտբոլասերները, ովքեր ավանդաբար երկրպագում են արգենտինացիների հակառակորդներին:

Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը, տեղեկացրել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը: «Սեյմը միաձայն վավերացրել է ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագիրը՝ ի նշան համերաշխության ուկրաինացի ժողովրդի հետ»,- գրել է լատվիական արտաքին գերատեսչության ղեկավարն իր Twitter-ում:

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:                        

 

Նախորդ հոդվածը‘«Օրինաչափություններ» Պուտինի լատինաամերիկյան շրջագայությունում’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում քննարկում են ՌԴ ներխուժման լուրը, որ նախատեսվում է հուլիսի 15-ին’