‘Օրվա համառոտ ամփոփում’

993

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը: Դատավոր Լեւոն Ավետիսյանը ազատամարտիկին դատապարտեց 6 տարվա ազատազրկման եւ 2000 ԱՄՆ դոլարի չափով տուգանքի: Դատավճռի հրապարակումից հետո Վոլոդյա Ավետիսյանի մարտական սկսեցին վանկարկել «դավաճաննե՛ր», ինչպես նաեւ  հայհոյանքներ ուղղեցին դատավորի եւ դատախազի հասցեին: 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 17-ին հանդիպել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ողջունելով դեսպանին՝ Գագիկ Ծառուկյանը կարևոր է համարել Լատվիայի հետ ջերմ ու բարեկամական կապերի ամրապնդումը՝ պատրաստակամություն հայտնելով իր կողմից անել առավելագույնը՝ տարբեր ոլորտներում երկու երկրների միջև գործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու համար: 

Այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիսի  տարածաշրջանի  ավելի քան յոթ տասնյակ ֆերմերներ  բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց: Ֆերմերները հայտնել են, որ 2011 թվականին կառավարության կողմից հատկացված  ցորենի սերմացուն ծլունակ չի եղել: Ու սա այն դեպքում, որ ցորենի սերմացուն ֆերմերներին հատկացվել է մեկին երկուսը վերադարձնելու պայմանով: 

Մոսկվայի Բասմանյան դատարանը հինգշաբթի խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին կալանավորելու որոշում է կայացրել: Կարապետյանին կասկածում են դրամական միջոցների վատնման և լվացման մեջ: Դատավորը հաշվի է առել, որ Հայրապետյանը «Собеседник» հրատարակչության ղեկավարներից մեկն է և կարող է ԶԼՄ-ների միջոցով ճնշում գործադրել հետաքննության վրա և վարկաբեկել օպերատիվ-քննչական խմբի գործունեությունը: 

Լեւոն Հայրապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը եղբոր ձերբակալությունը որակել է որպես քաղաքական պատվեր: «Այս ամենը ակնհայտ քաղաքական պատվեր է: Իմ հաջողակ եղբայրը հարստանալու մոլուցքով չէր տառապում և ունեցած միջոցներն էլ ուղղում էր բացառապես հայրենիքի զարգացմանը, ինչն էլ շատերին ձեռնտու չէր»,- ասել է նա: 

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստի ժամանակ գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանին հաստատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում: Հիշեցնենք, որ ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել հունվարի 8-ից, երբ մահացել էր Արմեն Մազմանյանը:  

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նիստի ժամանակ անդրադարձել է վերջերս Քարվաճառում տեղի ունեցած դեպքերին կապված ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողություններին։ Նա նշել է, որ 1994-ի զինադադարի կնքումից հետո, Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում, դիպուկահարների կրակոցների և դիվերսիոն գործողությունների հետևանքով լարվածություն է սկսվում սահմանին, իսկ վերջին տարիներին այդ լարվածությունը տեղափոխվել է նաև Տավուշի մարզ: 

Նոր Նորքի 6-րդ զանգվածից այսօր մեկնարկել է «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթը, որի ժամանակ երթի մասնակցիները շրջել են Երեւանի 12 վարչական շրջաններով: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

 

 

Նախորդ հոդվածը‘Ռումինացի արքայադուստրը խոստովանել է, որ աքլորակռիվներ է կազմակերպում’
Հաջորդ հոդվածը‘Սուարեսը կարող է դառնալ Եվրոպայում լավագույնը. Չեմպիոնների լիգա’