‘Օրվա համառոտ ամփոփում’

957

Մոսկվայի Բասմանյան դատարանը հուլիսի 17-ին բավարարել է գործածար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը: Նա կասկածվում է ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման և յուրացման մեջ: «Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը` ձերբակալվածի համար որպես խափանման միջոց սահմանելով երկամսյա կալանքը` մինչև սեպտեմբերի 15-ը»,- ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Իրինա Ֆադեևան: 

Պաշտպանները պատմել են, որ իրենց պաշտպանյալն արդեն 9 տարի տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում` քաղցկեղով: Վերջինս մտնում է 2011-ին հաստատված այն հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում մեկուսարանում գտնվելն անհնար է: Հայրապետյանի բուժող բժիշկը հաստատել է դա:

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով դատական հերթական նիստն այսօր՝ հուլիսի 18-ին, սկսվեց միջադեպով, ինչի հետեւանքով դատավորը սանկցիա կիրառեց եւ դահլիճից հեռացրեց տուժողներ Հայկ եւ Արթուր Հակոբյաններին, իսկ դերասանին սատարելու եկած քաղաքացիներից՝ Անահիտ Մարգարյանի նկատմամբ կիրառեց նախազգուշական սանկցիա: Տուժող Էմմա Հակոբյանի հարցաքննության ժամանակ Էմմայի հորը՝ Հայկ Հակոբյանին բարկացրեցին Նիկոլայ Բաղդասարյանի հարցերը, եւ նա սկսեց հայհոյել։ 

Լարված վիճակը շարունակվեց նաեւ նիստի ավարտից հետո՝ դատարանի բակում: Ընդ որում, վիճաբանությունը սկսվեց փաստաբաններից։ Մասնավորապես՝ տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբել Բալոյանը, մոտենալով Ն.Բաղդասարյանին, վերջինիս մեղադրեց իր գործողություններով հնարավոր հաշտությունը խոչընդոտելու մեջ։ 

Հայաստանն, անկասկած, այս տարի Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ համաձայնագիր կստորագրի, լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ժամկետների վերաբերյալ հստակ տեղեկատվություն չունեմ, սակայն կարող եմ հավաստիացնել, որ խոսքը վերաբերում է բացառապես հարցի տեխնիկական կողմերին, այստեղ որևէ քաղաքականություն չկա, և ամեն բան ընթանում է ըստ ծրագրի: Վստահ եմ, որ համաձայնագիրն կստորագրվի այն տեսքով, որը ձեռնտու կլինի Հայաստանին և ԵԱՏՄ անդամ այլ պետություններին»,- ընդգծել է դեսպանը: 

Հուլիսի 18-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի հետ միասին նախաձեռնել էր քննարկում հանձնաժողովի, ԵՄ խորհրդատվական խմբի ու Հայաստանում ԵՄ ներկայացուցչության համատեղ աշխատանքի հեռանկարների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության, Երիտասարդական խորհրդարանի եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկվեցին եվրոպական օրենսդրության մոտարկմանը, կառավարության նկատմամբ վերահսկողությանը եւ մոնիթորինգին, Եվրոպական միության անդամ երկրների ազգային խորհրդարանների եվրոպական հարցերի հանձնաժողովների միջեւ փորձի փոխանակմանը, ինչպես նաեւ ներխորհրդարանական ու միջազգային հարաբերությունների գործառույթներին առնչվող հարցեր: 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ինքնաթիռը, որը Ամստերդամից ուղեւորվում էր դեպի Մալազիա, վթարի է ենթարկվել Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռում գտնվել է 295 մարդ. բոլորը զոհվել են: 

Մալայզիայի իշխանությունները մասնագետների խումբ են ուղարկել Ուկրաինայի արևելք՝ Malaysia Airlines ավիաընկերության «Բոինգի» կործանման պատճառներն ուսումնասիրելու համար: Օդանավը խոցվել է հինգշաբթի Ուկրաինայի Դոնեցկի մարզի տարածքում, որտեղ շարունակվում են զինված ընդհարումները ուկրաինական զորքերի և անջատականների միջև: 

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է աշխարհազորայինների գաղտնալսված բանակցությունները, որոնցում նրանցից մեկը տեղեկացնում է Ուկրաինայի արևելքում խփված ինքնաթիռի մասին, որը, պարզվել է, քաղաքացիական ինքնաթիռ էր: Ձայնագրության մեջ, որն արվել է 16:40,  ահաբեկիչ «Բեսը» զեկուցում է իր հրամանատարին՝ Դոնբասի երկնքում խփված ինքնաթիռի մասին: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:

 

 

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի սուպերգավաթի խաղերը տեղի կունենան оգոստոսի 19-ից 22-ը.’
Հաջորդ հոդվածը‘ՕԵԿ հանրահավաքը տապալվել է. «168 ժամ»’