‘Օրվա հումոր. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վերջին 5 տարիներին աշխատել է վնասով’

3242

Թեև գազի սակագնում ներառված է շահույթ, սակայն վերջին 5 տարիների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փաստացի աշխատել է վնասով,  ինչի վերաբերյալ կան հրապարակված ֆինանսական հաշվետվություններ: Այս մասին  news.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

«Ինչ վերաբերում է վնասին, ապա այն  ձևավորվել է մի շարք օբյեկտիվ  գործոնների պատճառով, որոնք բացասական ազդեցություն են ունեցել ընկերության ֆինանսատնտեսական արդյունքների վրա, ինչը իր  հերթին փաստվել է  աուդիտորական եզրակացություններում և հաստատվել հիմնադիրների կողմից»,-ընդգծել է Սարդարյանը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱԺ գազատրանսպորտային համակարգի գործունեության ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ եզրակացություններն ամփոփող փաստաթղթում առկա տեղեկատվության համաձայն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը անցած 5 տարիների ընթացքում, ունենալով շահույթի կայուն` 12 տոկոս ծավալներ, շահաբաժիններ չի վճարել:

Նշենք, որ դժվար թե կարելի է գտնել աշխարհում ևս մեկ բնական մենաշնորհ ունեցող ընկերություն, որը ամբողջ 5 տարի աշխատում է վնասով: Որ մի քիչ էլ այսպես շարունակվի ընկերությունը, մի գուցե, և սնանկության հասնի:

Հավելենք, որ նշված 5 տարիներից 4-ը «Հայռուզգազարդի» (Գազպրոմ Արմենիայի) գլխավոր տնօրեն է աշխատում Վարդան Հարությունյանը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքում կա 193-րդ հոդվածը, որը 2-6 տարի ազատազրկում է նախատեսում կանխամտածված սնանկության համար:

Նախորդ հոդվածը‘ Խորվաթիա-Մեքսիկա. Պայքար հաջորդ փուլի համար’
Հաջորդ հոդվածը‘B Խումբ. Հոլանդիան գրավեց առաջին տեղը, Վիլյան դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ (տեսանյութ)’