‘Օրվա ցիտատը Facebook-ից. Առաքել Սեմիրջյան. Հայաստանում տեղի է ունենում մասսայական էժանացում’

2254

Առաքել Սեմիրջյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. «Այսօր ինտերնետի անծայրածիր տարածքում փնտրում էի Ռեգինա Ղազարյանի լուսանկարը, ում շնորհիվ փրկվել է Չարենցի գրական ժառանգության մոտ երեսուն տոկոսը՝ շուրջ 15000 տող ստեղծագործություն, այն էլ` այնպիսի ստեղծագործություններ, առանց որոնց ոչ միայն չէինք ճանաչի իրական Չարենցին, այլև` հայ գրականությունը անվերականգնելի կորուստ կունենար:  Ու ցավոք սրտի, չգտա ոչ միայն Ռեգինայի լուսանկարը, այլ նաև այն կտավների նկարները, որոնք ստեղծել է տաղանդավոր նկարչուհին:
Փնտրտուքներիս մեջ պատահական հանդիպեցի մի փաստաթղթի, որտեղ նշվում է, որ 1995 թվականին Ռեգինա Ղազարյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու տիտղոս: Այս փաստաթղթից տեղեկացա, որ 1991 թվականից մինչև 1998 թվակաը, Երևանի պատվավոր քաղաքացիներ են դարձել ընդամենը ութ հոգի՝ ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ, ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՌԵԳԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ, ՎԱՉԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՀԱԿՈԲՅԱՆ, ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ, ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ, ՍԱՐԳԻՍ ՀԱԿՈԲՅԱՆ:

Իսկ 1998-ի հեղաշրջումից մինչև 2008-ի սպանդը ընկած տասնամյակի ընթացքում Երևանի պատվավոր քաղաքացի է դարձել շուրջ վաթսուն

հոգի ու նրանց մեջ կան այնպիսի «տաղանդներ», ինչպիսիք են`Ալեքսանդր Լուկաշենկոն, Ալեքսանդր Կիրակոսյանը, Ֆադեյ Սարգսյանը, Զորի Բալայանը, Աշոտ Ղազարյանը, Արամայիս Սահակյանը ու այլ «պատվավոր» դեմքեր:

2008-ից հետո այդ տիտղոսին արժանացել է շուրջ տասը հոգի, որոնց թվում են Հովհաննես Զանազանյանը, Վարազդատ Մկրտչյանը (Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար), Հենրիկ Մխիթարյանը… :

Հարցը այն չէ, թե ո՞վ է արժանի, կամ` ով անարժան: Պարզապես ցավս այն է, որ Հայաստանում տեղի է ունենում մասսայական էժանացում՝ տիտղոսների, պարգևների, կոչումների, շքանշանների ու ազգովին խուրդվելով չենք էլ հասկանում, որ մի քանի տարուց Կոմիտասի անվան Պանթեոնում կարող են թաղվել (Աստված նրանց երկար կյանք տա) Թաթան, Սպիտակցի Հայկոն, Թաթուլը, Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը: Չնայած` հիմա էլ նրանցից «պակաս» դեմքեր չեն թաղված Սարյանի, Կոմիտասի ու Իսահակյանի կողքին: 
Ցավս մի փոքր սփոփելու համար փորձեցի Հայաստանի Սովետական Հանրագիտարանում (1981) գտնել Ռեգինա Ղազարյանի մասին որևէ տեղեկություն, սակայն այնտեղ էլ էր բացակայում նրա անունը: 
Մենք խոսում ենք հայոց նորագույն պատմության կեղծելուց, սակայն աչքիս, ոչ միայն նորագույնն է կեղծված, այլեւ միջինն ու հնագույնն էլ հետը վերցրած, ու այս կեղծիքի միջից, թե ազգովին ինչպե՞ս պետք է դուրս գանք, ես դժվարանում եմ ասել, սակայն երբ Ռեգինայի փրկած Չարենցի ստեղծագործություններն եմ ընթերցում, անմիջապես վերանում է այդ կեղծիքը ու մեջս աննկարագրելի մի հույս է առաջանում, որ «Լույսի» ուժով ամեն ինչ էլ հնարավոր է»:

Նախորդ հոդվածը‘Բալոտելին կրծքին դաջել է Չինգիսխանի խոսքը’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանը London Chess Classic մրցաշարը սկսեց պարտությամբ’