‘Օրվա ցիտատը Facebook-ից. Արմեն ֆոն Գեւորգյան. «Օրինականության պաշտպանը բացարձակ ապօրինի մի բան է պահանջում» ‘

1322

Ռուբեն Թորոսյանը հանդես է եկել մի հայտարարությամբ («168 ժամ, 09.10.2012), որով հավակնում է լուծել Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր հարցերը, ցույց է տալիս հաղթանակի հասնելու ճանապարհները, որ, ափսոս, ոչ մեկը չի նկատել։

Ռուբեն Թորոսյանը որպես «Մարդու իրավունքներ – 96» կուսակցության ղեկավար, Կոնգրեսի Հռչակագիրը ստորագրելով, իրեն այդ կառույցի անդամ է համարում (թեև որևէ հանրահավաքում կամ միջոցառման նրան չեմ տեսել)։ Նա, սակայն դրանով չէ, որ հայտնի է։ Ռ. Թորոսյանը հայտնի է դատական տարբեր ատյաններ և մասնավորապես Սահմանադրական դատարան իր ներկայացրած բազմաթիվ հայցերով։ Շատ դեպքերում այդ հայցերը շատ էլ արդարացի են թվացել։ Այնպիսի տպավորություն ունեի, որ մարդու իրավունքների և այլ բնագավառներում օրինականության պահպանման նրա այդ աշխատանքը, որ նույնիսկ օրենքների նկատմամբ դրական իմաստով տառակերության աստիճանի էր հասնում, շատ օգտակար է։
Բայց ահա Ռուբեն Թորոսյանն այս հայտարարության մեջ խիստ յուրատեսակ մի պահանջ է դնում. «ՀԱԿ ԱԺ պատգամավորության խմբակցությունից հեռացնել Ա.Մանուկյանին, Գ.Ջհանգիրյանին և Լ.Սարգսյանին»։
Այդ ինչպե՞ս հեռացնել, ո՞վ հեռացնի, ո՞ր օրենքով, իրավական ո՞ր մեխանիզմով։
Միայն այս միտքը բավարար է խորը կասկածի տակ դնելու համար այս մարդու ողջ գործունեությունը որպես օրինականության ջատագով, տառակերի բծախնդրությամբ օրենք պաշտող, ինչպիսին որ ներկայացել է, ինչպիսի «իմիջ» որ իր համար ստեղծել է։ Հիմա օրենքի, օրինականության այդ պաշտպանը բացարձակ ապօրինի մի բան է պահանջում։ Դա բավարար է կեղծ համարելու նրա բոլոր հայցերը, որոնցով նա մինչեւ հիմա մտել է կամ կմտնի Սահմանադրական եւ այլ դատարաններ։ Ի՞նչ պետք է լինի մարդու հետ, որպեսզի նա սեփական ձեռքով այսպես այլանդակի տասնամյակների ջանքերով ստեղծած օրինապաշտի իր կերպարը։ Դա բավական է՝ արժանի գնահատական տալու համար նաև նրա այդ հայտարարությանն ամբողջությամբ։ 

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան պատրաստ է ավելի ուժգին հարված հասցնել Սիրիային ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցնում է եւս 131 հազար եվրո փոխհատուցել’