‘Օքսֆորդը բրիտանական համալսարանների պատմության մեջ ամենախոշոր նվիրատվությունն է ստացել’

1248

Ամերիկյան Blackstone Group ներդրումային ընկերության ղեկավար, միլիարդատեր Սթիվեն Շվարցմանը Օքսֆորդին 150մլն ֆունտ (188 մլն դոլար) է նվիրաբերել: Ինչպես նշում է BBC-ն, դա բրիտանական համալսարանների պատմության ընթացքում ռեկորդային նվիրատվություն է:

Գումարը կստանա նոր ինստիտուտը, որն զբաղվելու է արհեստական բանականության և դրա մշակման հետ կապված՝ բարոյական և սոցիալական խնդիրների ուսումնասիրությամբ: Նաև այդ միջոցներով կստեղծվի հումանիտար առարկաների կենտրոն, որը կանվանակոչվի Շվարցմանի անունով:

Ի տարբերություն այլ խոշոր նվիրատուների՝ Շվարցմանը Օքսֆորդի շրջանավարտ չէ, նշում է Guardian-ը: Միլիարդատերը պատմել է, որ որոշել է օգնել համալսարանին փոխկանցլեր Լուիզա Ռիչարդսոնի խնդրանքով, ինչպես նաև հանուն 1963 թ. Օքսֆորդ իր այցելության հուշերի:

Սթիվեն Շվարցմանը միլիարդատերերի Forbes-ի վարկանիշում զբաղեցնում  է հարյուրերորդ հորիզոնականը: Նա նախկինում էլ խոշոր նվիրատվություններ է արել ուրիշ համալսարանների և կրթական հաստատությունների: Մասնավորապես՝ նա 100 մլն դոլար է փոխանցել Նյու Յորքի հանրային գրադարանին, 350 մլն դոլար՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին՝ արհեստական բանականության ուսումնասիրության համար:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ինդոնեզիայի մայրաքաղաքի տեղափոխումը Ջակարտայից կսկսվի 2021 թվականին’
Հաջորդ հոդվածը‘Թրամփի թեկնածուն հրաժարվել է ղեկավարել Պենտագոնը’