‘Օֆշորային սկանդալ. հայկական համացանցային ԶԼՄ-ների ընտրանքի վիճակագրական դիտարկում’

5100

Մայիսի 29-ին առանց չափազանցության աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ անկախ Հայաստանի պատմության մեջ: Թեեւ մեր երկրում բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիայի՝ փչացածության մասին շատ է խոսվում, սակայն շատ հազվադեպ է լինում, երբ հանրությանը ներկայացվում են դրա անհերքելի եւ անուղղակի ապացույցները: Այն էլ ոչ թե ինչ-որ երկրորդական պաշտոնյայի կամ օդիոզ օլիգարխի, այլ երկրի պաշտոնապես երրորդ, իսկ փաստացի՝ երկրորդ դեմքի, միաժամանակ կիրթ մարդու համբավ ունեցող Տիգրան Սարգսյանի մասին: Հաշվի առնելով, թե ում է վերաբերում կոռուպցիոն սկանդալը, կարող ենք վստահաբար պնդել, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա եզակի իրադարձություն է:

Առանց չափազանցության կարող ենք պնդել նաեւ, որ այս իրադարձությունը պետք է դառնար երկրի թիվ մեկ լուրը, ընդ որում՝ ոչ թե մեկ կամ նույնիսկ մի քանի օրվա, այլ ամիսների, գուցե նույնիսկ տարվա կտրվածքով: Ավելին՝ ոչ միայն մամուլը պետք է նյութերով հեղեղվեր, այլեւ վարչապետը նույն օրը պետք է հրաժարական տար կամ գոնե պետք է ձեւավորվեր նրա հրաժարականի պահանջով խումբ: Հրաժարականի լայն հասարակական պահանջ չհնչեցվեց նույնիսկ ֆեյսբուքում, ուր կա գրեթե ամեն բանի պահանջով խումբ. չեղավ նախաձեռնություն, ֆեյսբուքի ակտիվ գրողների մի զգալի մասը հարցին ա՛ռհասարակ չանդրադարձավ, իսկ մամուլը…..:

Իսկ մամուլին անդրադառնանք առանձին եւ թվերով:

Մենք ուսումնասիրել ենք հայաստանյան համացանցային ԶԼՄ-ների մի մասը՝ տեսնելու, թե քանի արձագանք է եղել երկրի քաղաքական կյանքի թիվ մեկ նորությանը: Իհարկե, ամբողջ դաշտը չենք փակել, բայց դրա կարիքն էլ չկա՝ ընտրանքը բավականին խոսուն է: Ընտրանքից նախապես բացառել ենք քաղաքական հայտնի նախասիրություններ ունեցող մի քանի կայք՝ հիմնական ուշադրությունը դարձնելով այն ԶԼՄ-ներին, որոնք ներկայանում են որպես որեւէ քաղաքական դիրքորոշում չունեցող եւ աչքի են ընկնում իշխանության այս կամ այն թեւին ուղղված խիստ քննադատական, ընդդիմադիր կեցվածքով. ԶԼՄ-ներ, որոնց համար կոռուպցիան, «օլիգարխիայի» դեմ պայքարը, երկրի ժողովրդավարացումը օրակարգային խնդիրներ են: Վերցրել ենք լուրի տպագրման օրվանից՝ մայսիսի 29-ից մինչեւ հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածը:

 

www.1in.am3 լուր քաղաքական բաժնում (չեզոք տեղեկատվական ոճի), 0 մեկնաբանություն եւ վերլուծություն (14 տարբեր թեմաներով վերլուծականներից)

www.lragir.am0 լուր լրահոսում, 0 վերլուծություն (7-ից)

www.armtimes.com («Հայկական ժամանակ» օրաթերթի կայք) – 1 նյութ լուրի տեսքով (չեզոք տեղեկատվական ոճի), 0 մեկնաբանություն եւ վերլուծություն (թերթը սովորաբար առանձին քննադատական նյութերով է անդրադառնում վարչապետի բոլոր ասած-չասածներին)

http://hayeli.am/1 վերլուծական եւ բազմաթիվ անդրադարձեր լուրերում, այդ թվում՝ մեկնաբանություններով

http://www.emedia.am/0 նյութ

http://www.galatv.am/1 վերլուծական նյութ

http://www.irates.am/0 նյութ

http://www.a1plus.am/am0 նյութ

http://www.azatutyun.am/0 նյութ

http://www.epress.am/1 լուր

http://henaran.am/0 նյութ

www.news.am0 նյութ

www.Panorama.am0 նյութ

Պատկերն առավել քան խոսուն է եւ զարմանալի: Հայկական համացանցի ԶԼՄ-ների մեծ մասի համար վարչապետի հետ կապված կոռուպցիոն սկանդալ պարզապես չի եղել: «Լրագիր», «Իմեդիա», «Իրատես», «Ա1 պլյուս», «Ազատություն», «Հենարան», «Նյուս», «Պանորամա» լրատվամիջոցները լուրերի եւ վերլուծականների տեսքով անդրադարձել են հայաստանյան եւ միջազգային բազմաթիվ առաջնային ու երկրորդական թեմաների, սակայն երկրի թիվ մեկ քաղաքական նորությունն անտեսել են: Եթե մեզանից որեւէ մեկը որպես լրատվության աղբյուր օգտվեր միայն այդ կայքերից, ապա պարզապես չէր իմանա, որ նման բան է տեղի ունեցել:

Ընդ որում՝ պետք է շեշտել, որ նույն կայքերը դիտարկված ժամանակահատվածում անդրադարձել են վարչապետի հետ կապված թեմաներին՝ որոշ դեպքերում բացասական ներկայացնելով նրա գործունեության բազմաթիվ իրողություններ: Բայց ստացվում է, որ այս ԶԼՄ-ների համար մի բան է վարչապետին վերացական մակարդակում պարզապես քննադատելը, մեկ այլ բան՝ կոնկրետագույն կոռուպցիոն փաստ ներկայացնելը եւ վերլուծելը:

Ընդհանուր ֆոնին առանձնապես չեն տարբերվում նաեւ «Առաջին Լրատվական»-ն ու «Հայկական ժամանակ»-ը, որոնք եղածին անդրադարձել են չեզոք նորության տեսքով: Ավելորդ է ասել, որ այս ԶԼՄ-ները, որոնք աչքի են ընկնում խիստ ընդդիմադիր եւ քննադատական կեցվածքով, պետք է որ բոլոր հնարավոր միջոցներով արծարծեին այս թեման:

Եղածի շրջարկում համեմատաբար ավելի հուսադրող են «Գալա TV»-ն եւ «Իպրես»-ը, որոնք իրողությունը գոնե մանրամասն ներկայացրել կամ մեկնաբանել են:

Շեշտենք նաեւ, որ խնդիրը ոչ միայն այն է, որ ԶԼՄ-ների մեծ մասի համար գոյություն չի էլ ունեցել խնդրո առարկա լուրը, էլ չասած դրա վերլուծման եւ մեկնաբանման մասին, այլեւ այն, որ նման հարց փաստացի գոյություն չունի լրագրողների «հարցաշարում»:

Համարել սա պարզապես զավեշտ կամ պատահականություն շատ դժվար է: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք սա պատահականություն կամ նույնիսկ չար ուժերի, ասենք, «ՀԱԿ-ի հալածանք» կամ «դավադրություն» կհամարեն, բայց, կարծում եմ, հասկացողն առանց ավելորդ մեկնաբանման կհասկանա, թե ինչ կարող է սա նշանակել:

Բաղդասար Հակոբյան 

Նախորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայի արքայազնը փարիզյան «Դիսնեյլենդում» ծախսել է 15 միլիոն եվրո’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարի ներկայացումը «Կամպ Նոու» մարզադաշտում. Ուղիղ’