‘Ֆաբրեգասը «Ռեալի» հետ վարած բանակցությունների մասին’

1153

«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ այս մրցաշրջանում թիմի վատ մեկնարկի պատճառով կորցրել է քունը: Իսպանացին նաեւ պատմել է նախկինում «Ռեալի» հետ բանակցությունների մասին:

Այս մրցաշրջանում Կապույտներն անցկացրած12 հանդիպումների արդյունքում ԱՊԼ-ում զբաղեցնում են ընդամենը 16-րդ տեղը, բայց Ֆաբրեգասը շարունակում է պնդել, որ ինքը, մարզիչ Ժոզե Մոուրինյոն եւ մյուս խաղացողները չեն դադարում ճգնաժամից դուրս գալու ուղիներ որոնել:

«Մրցաշրջանը մեզ համար ահավոր է ստացվում: Արդյունքները չեն արտացոլում այն, ինչ անում ենք դաշտում: Մենք առաջընթաց ենք գրանցել, բայց մեր բախտը չի բերում: Հիմա մեզ անհրաժեշտ է հաղթել:

Ես չեմ կարող Մոուրինյոյին ավելի պաշտպանել, քան հիմա եմ պաշտպանում: Միշտ ասել եմ, որ նա արժանի է 100 տոկոսանոց օժանդակության: Մենք լավ չենք խաղում, բայց դա չի նշանակում, թե մեզ դուր չի գալիս մեր մարզիչը:

Մենք ուզում ենք, որ ակումբը լինի բարձունքին, իսկ երբ մարզիչը կամ խաղացողներից որեւէ մեկը բարդ ժամանակաշրջան է ապրում՝ պետք է մեկս մյուսին սատարենք եւ ողջ ուժերով ջանանք»:

Սեսկը նաեւ պատմեց այն մասին, որ կարիերայի ընթացքում բազմիցս է բանակցել «Ռեալի» հետ: «Արսենալում» 8 տարի ելույթներ ունենալուց հետո Ֆաբրեգասը 2011-ին վերադարձավ հայրենի «Բարսա», բայց այդպես էլ չկարողացավ դառնալ հիմնական կազմի հաստատուն խաղացող:

Հիմա Ֆաբրեգասը 2-րդ մրցաշրջանն է անցկացնում «Չելսիում», չնայած խոստովանում է, որ իր կարիերան կարող էր այլ կերպ դասավորվել:

«Մի քանի տարի «Ռեալի» մի քանի նախագահների հետ եմ շփվել, բայց այդպես էլ ոչ մի համաձայնագիր չկայացավ: Քննարկում էինք պայմանները, բայց ոչ մի վերջնական պայմանավորվածության չհասանք: Այդ վճռորոշ քայլն այդպես էլ չկատարվեց»,- ասել է Ֆաբրեգասը:

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘«ՈՉ»-ի համատեղ շտաբի հայտարարությունը’