‘Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը կցուցադրվի Երևանում’

1642

Ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտնել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը, 2015 թ. փառատոնի շրջանակներում կանցկացվի առանձին ծրագիր` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Ծրագրում կներառվեն տարբեր տարիների խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր`նվիրված 1915 թ. ողբերգությանը:

Դրանց թվում են`Ատոմ Էգոյանի «Արարատ», Անրի Վերնոյի «Մայրիկ», Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը», Սերժ Ավետիքյանի «Շնային պատմություններ» հայտնի ֆիլմերը:

Բացի այդ, նախատեսվում է հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի ցուցադրությունը: Մովսիսյանը չի բացառել, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում հնարավոր է՝ տեղի ունենա նաև ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի «Մի խենթ պատմություն» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմերի ցուցադրություններից բացի, կկազմակերպվեն նաև կլոր սեղաններ` կինեմատոգրաֆիստների մասնակցությամբ:

Մովսիսյանը նաև տեղեկացրել է, որ 2015 թ. «Ոսկե ծիրանի» շրջանակներում կներկայացվեն նաև Հոլոքոսթին և մարդկության դեմ այլ հանցագործություններին նվիրված ֆիլմեր:  

 

 

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիները դեկտեմբերի 26-ին կհավաքվեն նախագահականի մոտ ‘
Հաջորդ հոդվածը‘Մարկեդոնով. Ղրիմի` Ռուսաստանի կազմի մեջ մտնելը խաչ դրեց ԱՊՀ վրա’