‘Ֆալկաո. Ժամանակն է լքել Եվրոպայի լիգան’

903

Արդեն երրորդ մրցաշրջանն է, ինչ կոլումբիացին կատարելագործում է իր խաղը և մոտենում է «Ռիվեր Պլեյտի»-ի երկրպագուների այն պնդմանը, որի համաձայն՝ նա համարվում է աշխարհի ներկայիս լավագույն կենտրոնական հարձակվողը:

2009-ի ամռանը Ռադամելը Արգենտինայից տեղափոխվեց «Պորտո», որտեղ նրան գնեցին, որպեսզի փոխարինի  Լիոնի «Օլիմպիկ» տեղափոխված Լիսանդրո Լոպեսին: Պորտուգալիայում անցկացրած երկու մրցաշրջանում նա կարողացավ դառնալ տեղացի երկրպագուների սիրելին՝ գերազանցելով Լիսանդրո Լոպեսի խաղում միջինը 0.4 գնդակ ցուցանիշը, հասնելով խաղում միջինը 0.84 գոլի: Ֆալկաոն հաջող հանդես եկավ հատկապես երկրորդ մրցաշրջանում, որի ընթացքում օգնեց Վիլաշ Բոաշի թիմին ձևակերպել յուրատեսակ հեթ-տրիկ` թիմը հաղթեց Պորտուգալիայի առաջնությունում, երկրի գավաթի խաղարկությունում և Եվրոպայի լիգայում: Ինքը Ֆալկաոն առաջնությունում դարձավ 38, իսկ Եվրոպայի լիգայում՝ 17 գոլի հեղինակ, որը ռեկորդային դարձավ եվրոպական ակումբային երկրորդ մրցաշարի ամբողջ պատմության ընթացքում:

Այդ մրցաշրջանից հետո 2011-ին 40 մլն €-ով տեղափոխվեց «Ատլետիկո», որտեղ նրան գնեցին Կուն Ագուերոյին փոխարինելու համար: Սկզբում մադրիդցի երկրպագուներն այնքան էլ լավ տրամադրված չէին կոլումբիացու հանդեպ, բայց հատկապես խաղաշրջանի երկրորդ մասում` Դիեգո Սիմեոնեի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուց հետո, մադրիդցիների կարծիքը նրա հանդեպ ամբողջովին փոխվեց: Ֆալկաոն դարձավ այն հարձակվողը, որի կարիքը թիմն այդքան ուներ, ապահովելով ավելի բարձր արդյունավետություն, քան Ագուերոյինն էր կամ արդեն ծերացող Դիեգո Ֆորլանինը: Ֆալկաոն իր ետևից տարավ թիմակիցներին հատկապես իրեն շատ լավ ծանոթ Եվրոպայի լիգայում: Ավարտված խաղաշրջանում երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց մրցաշարի գավաթը՝ հերթական անգամ դառնալով նաև նրա լավագույն ռմբարկուն:

Դեռևս տարվա սկզբին «Ատլետիկո»-ի նախագահ Էնրիկե Սերեզոն, խոսելով կոլումբիացու մասին, նշում էր, որ հենց նա է այս պահի դրությամբ լավագույն «9»-ը ամբողջ համաշխարհային ֆուտբոլում և խոստանում էր չփոխել նրան նույնիսկ Լեո Մեսսիի կամ Ռոնալդոյի հետ: Կոլումբիացուն գովերգում էին նաև Գվարդիոլան և Ֆաբիո Կապելոն, ովքեր նշում էին, որ ներկա պահին մրցակցի տուգանայինում հանդես եկող հարձակվողներից Ֆալկաոն ամենաուժեղն է: Կենտրոնական կլասիկ «9» համարի հարձակվողների ճգնաժամի ֆոնին իրոք Ռադամելն աչքի էր ընկնում իր «քիլլեր»-ի հատկանիշներով, բայց միևնույն է, շատերը խուսափում էին գովերգի խոսքեր շռայլել Եվրոպայի լիգայում իրեն դրսևորած խաղացողի մասին խոսելիս:

Նմանատիպ կարծիքները, որ իբրև թե հարձակվողը իրեն դրսևորել է միայն կարգով ՉԼ-ին զիջող մրցաշարում, դադարեցին միայն օգոստոսին՝ Եվրոպայի սուպերգավաթի «Ատլետիկո»” — «Չելսի» խաղից հետո, որում Ֆալկաոն առաջին խաղակեսում դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Այդ խաղից հետո այս մրցաշրջանի ընթացքում բազմաթիվ վերլուծաբաններ արդեն չեն կաշկանդվում և Ֆալկաոյի մասին խոսելիս օգտագործում են «մեր օրերի լավագույն «9»-ը» արտահայտությունը:

Ֆալկաոն շարունակում է հանդիսանալ Սիմեոնեի թիմի առաջատարը, ովքեր մինչ այս պահը դեռևս կարողանում են մրցակցել Բարսայի և Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Բացի ակումբային ֆուտբոլից Ռադամելը իրեն լավագույն կողմերով է դրսևորում նաև ազգային հավաքականի կազմում: Հարավամերիկյան թիմում, Կարլոս Վալդերամայի սերնդից հետո, հավաքագրվել է տաղադնդավոր ֆուտբոլիստներով լի կազմ, որն իր մայրցամաքում խաղամակարդակով չի զիջում երևի թե ոչ մի այլ երկրի ազգային հավաքականին, բացի Արգենտինայից:

Հարձակվողի՝ «Ատլետիկո»-ն լքելու մասին խոսում են տարվա սկզբից: Այս պահի դրությամբ կարիերան շարունակելու՝ նրա հիմնական տարբերակները երեքն են` «Չելսի»-ն, որտեղ համոզվում են Տորեսից ձերբազատվելու անհրաժեշտության հարցում, «Մանչեստեր Սիթի»-ն, որն ունենալով երկու հավասարազոր կազմ, այդպես էլ հիմնական «քիլլեր» չի գտնում, և Մադրիդի «Ռեալ»-ը, որտեղ Ֆալկաոյի հայտնվելու հնարավորությունը կշատանան, եթե Ռոնալդոն որոշի ամեն դեպքում հեռանալ Մադրիդից: Ֆալկաոն ամեն կերպ փորձում է կենտրոնանալ իր ներկայիս ակումբում ելույթների վրա և այս մրցաշրջանում «Լա լիգա»-ում զբաղեցնել հնարավորինս բարձր տեղ: Արդեն հիմա կարելի է ասել, որ «Ատլետիկո»-ն «Պրիմերա»-ում կտրուկ չի զիջի իր դիրքերը և կկարողանա տեղ գտնել առաջին քառյակում, որը հնարավորություն կտա հաջորդ տարի հանդես գալ ՉԼ-ի խմբային փուլում: Բայց Ֆալկաոյի հոր խոսքերից, ով հայտարարեց, թե իր որդին ցանկանում է տեղափոխվել Մոուի թիմ, կարելի է ենթադրել, որ 26-ամյա հարձակվողը հասկանում է. Քրիստիանո Ռոնալդոյի և Լեո Մեսսիի հետ համեմատվելու համար պետք է ոչ միայն ուղղակի մասնակցել  ՉԼ-ին, այլև հավակնել նվաճել այն:

Նախորդ հոդվածը‘Հանրապետականների արեւը խավարել է, գնացքն էլ` գնացել’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն եթե խնդիր ունենար իմիտացիոն երևույթների մասնակցելու, ինքը նիստ կնախաձեռներ’