‘Ֆաշիզմից ավելի վտանգավոր’

1050

«Հետո էլ ասում են, թե պատմությունը չի կրկնվում: Շատ էլ լավ կրկնվում է: Ճիշտ է, փոխվում են դերակատարները, միզանսցենները, դեկորները, սակայն սցենարը հիմքում մնում է նույնը` իր նմանի վրա գերիշխելու, տարածքներ և հարստություններ բռնազավթելու, գերշահույթ ստանալու անհաղթահարելի մարմաջ: 

Հեռու չգնանք: Ընդամենը 80 տարի առաջ քիչ թե շատ ռացիոնալ մտածող ու գործող երկու քաղաքական ուժեր` Արևմուտքը և Արևելքը, չկարողացան վեր կանգնել իրենց եսակենտրոն ձգտումներից և փակել ֆաշիզմի ճանապարհը: Ավելին` արեցին հնարավորը այդ կործանարար ուժը դիմացինի դեմ ուղղելու համար, և ընկան իրենց լարած թակարդը` տուժելով երկուստեք: 

Իսկ այսօր թատերաբեմ է իջնում ֆաշիզմից ոչ պակաս վտանգավոր և շատ ավելի կործանարար մի ուժ, որի անունն է արմատական իսլամիզմ

Եվ կրկին քաղաքակիրթ աշխարհը չի կարողանում ի մի գալ՝ ահագնացող աղետը վնասազերծելու և իրեն ու սերունդներին ապահովագրելու համար: Այն տպավորությունն է ստեղծվում, որ Վաշինգտոնը, Մոսկվան և Բրյուսելն այնքան էլ լավ չեն տեսնում ծառերի հետևում թաքնված թավ անտառը: 

Մերձավոր Արևելքում հանդես եկող երեք դերակատարների միջև ուժերի հարաբերակցությունն ակնհայտորեն դասավորվում է անհամաչափ (ասիմետրիկ): Ռուսաստանը` մի կողմից, Եվրոպան, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և Քաթարը միասին՝ մյուս կողմից` ակնհայտորեն տանուլ են տալիս իսլամիստական գրոհայիններին և՛ ինֆորմացիոն պատերազմում, և՛ ռազմական գործողություններում, և՛ աշխարհաքաղաքական հետագա զարգացումների առումով: 

Այն, որ Բաշար Ասադի ռեժիմի դեմ կռվող գրոհայինների շարքերում նկատելիորեն պակասում են լիբերալ իսլամիստները և, ընդհակառակը, շատանում են ջիհադի ջատագովները, կարծես թե այնքան էլ չի մտահոգում քաղաքական այն շրջաններին, որոնց ջանքերով փաստորեն ստեղծվել է կրոնական այս շիլաշփոթը: 

Ավելին՝ այսօր սիրիական իշխանությունների դեմ կռվում են եվրոպացի վարձկաններ, որոնք միամտաբար շփոթում են հուգենոտներին շահիդների հետ՝ մոռանալով, որ սրանք ցանկանում են իրենց ենթարկել ոչ միայն ողջ մուսուլմանական աշխարհը, այլև շոշափուկները տարածել Ամերիկայից մինչև Չինական պատ: 

Միշտ հիշենք, որ մարտնչող իսլամիզմի պարադիգման ցասումնախառն ագրեսիան է այն ամենի նկատմամբ, ինչն իրենը չէ, և յուրաքանչյուրի նկատմամբ, ով իրենցից չէ: Նրա հավատամքը կրոնական պատերազմն է իրեն ոչ նմանի դեմ, արյունահեղ, անհաշտ պատերազմ` թեկուզ կյանքի գնով: Ընդ որում, կարևոր չէ, թե ով է կանգնած նրա դիմաց` քրիստոնյա, թե մուսուլման: Կոնկրետ այս դեպքում կյանքի և մահի առճակատում է տեղի ունենում սուննիզմի և շիիզմի միջև

Ստեղծված իրադրության մեջ մեղադրել կողմերից միայն մեկին, ըստ իս, այնքան էլ արդարացի չէր լինի: 

Արևմուտքի մասին արդեն ասվեց՝ նա սարի պես կանգնած է գրոհայինների մեջքին: Դրան հավելած իսլամական խոշորագույն ‹‹սպոնսոր›› Սաուդյան Արաբիայի նավթադոլարները: 

Իրանն իր Հըզբոլլահով ակտիվորեն հանդես է գալիս Ասադի կողքին: Ես չեմ բացառում, որ Սիրիայի սուննիների դեմ կռվելուց հետո Նասրալլահը զենքը շրջի իր տան` Լիբանանի սուննիների դեմ, որը կարող է կործանարար լինել Մայրիների երկրի համար՝ ներառյալ հայ համայնքը: 

Ռուսաստանը, որը լուրջ հիմքեր ունի վախենալու սուննիզմի ներթափանցումից Կովկաս և ավելի վեր, համառ կերպով առաջ է տանում սիրիական ռեժիմին նորագույն զենք մատակարարելու գիծը: Ի դեպ, նրա` Գոլանի բարձունքներ խաղաղարար ուժեր առաքելը նկատելիորեն կամրապնդի Մոսկվայի աշխարհառազմաքաղաքական դիրքերը Մեծ Մերձավոր Արևելքում, որոնք վերջին տարիներին նկատելիորեն թուլացել են: 

Իսրայելը մեծ խնդիրներ չունի Ասադի ռեժիմի հետ և Նաթանյահուի բերանով այն միտքն է հայտնում, որ նրանից հետո Դամասկոսում իշխանության կարող են գալ ուժեր, որոնք տասնապատիկ վատ կարող են լինել, քան եղածն է: Թերևս այստեղ պետք է փնտրել այն բանի բացատրությունը, որ Իսրայել-Պաղեստին հակամարտությունը կարծես մղվել է երկրորդական պլան՝ տեղը զիջելով սուննի-շիա բախումներին: 

Իսկ Թուրքիա՞ն: Վերջերս Աբդուլահ Գյուլը թուրքական սնապարծությամբ հայտարարել էր, որ կրոնական բախումների առումով ամենից ավելի վտանգված են Իրաքը, Սիրիան և Լիբանանը: Այսօր Թուրքիան է հայտնվել բախումների կիզակետում: Թե ինչ բնույթի` շուտով պարզ կլինի: Բացառված չէ, որ մեր հարևանը ևս ներքաշվի ջրապտույտի մեջ: 

Իսկ հետևանքը մերձավորարևելյան շարունակվող մղձավանջն է: (Այն մեզ համար մտահոգիչ է նաև տարածաշրջանում հայկական համայնքների առկայության պատճառով): 

Լույսը, որը նշմարվում էր թունելի վերջում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի Մոսկվա այցելելուց հետո, աստիճանաբար մարում է: Ժնևյան հանդիպման հույսերը`նույնպես, ինչպես նաև Սիրիայի հարցով ‹‹2+2+2›› ձևաչափի համաժողովի հեռանկարները: 

Հիշում եք չէ՞, թե ինչու ծերուկ Կռիլովի սայլը տեղից չշարժվեց: Որովհետև յուրաքանչյուրը` կարապը, խեցգետինը և գայլաձուկը, այն քաշում էր իր կողմը: 

Եթե ա՛յս սայլը չշարժվի, մեծ պայթյուն տեղի կունենա: Այն բերնեբերան լցված է դինամիտով»:

Արման Նավասարդյան

Արտակարգ և լիազոր դեսպան

Աղբյուրը՝ diplomat.am

Նախորդ հոդվածը‘Հաղորդավարին ազատել են «Շանթ» հ/ը-ից՝ «Ֆեյսբուքյան» քննադատության համար’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը փեսային շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան ‘