‘ՖԱՖ-ը կոչով դիմել է ազգային հավաքականի ֆուտբոլիստներին’

1303

Հայաստանի հավաքականի «Առաջին հայկական ճակատ — ՖԱՖ» ֆան-շարժումը հերթական անգամ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացված է ստորև:

«Անլուրջ և անհեթեթ ենք համարում ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության հայտարարություններին ու վիրավորանքներին պատասխան հայտարարությամբ հանդես գալը:

Ռուբեն Հայրապետյանը այս անգամ արդեն հարկ համարեց անդրադառնալ ՖԱՖ-ի պահանջներին: Մարզչի մասով ասաց, որ նախընտրում է հայ ցածրակարգ մարզչին արտասահմանյանից, տարբեր կոնֆլիկտների պատճառով հավաքական չհրավիրվող ֆուտբոլիստներից հիշեց միայն Թումասյանին ու մեղադրեց հայ չլինելու մեջ, միևնույն ժամանակ ասեց, որ 10 անգամ կանչել են չի եկել, իսկ Դենիսը հենց վերջերս էր հրավերը չընդունելու համար ներողություն խնդրել երկրպագուներից և ՀՖՖ նախագահից: Տոմսերի հարցով ՀՖՖ նախագահը հայտնեց, որ 500 դրամն էլ է թանկ մեր երկրի համար, բայց ինչ արած… հարցի շուրջ դեռ կմտածի: Նման գործելաոճից հետո, բոլորը տեսան՝ մեր հավաքականը որտեղ գլորվեց: Այս պարագայում Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջը մեզ համար մնում է միակն ու առաջնահերթը:

Զավեշտալի է հերթական անգամ Ռուբեն Հայրապետյանի կողմից լսել ՖԱՖ-ի քաղաքական կամ ուղղորդված լինելու մասին: Վերջին 8 տարիների ընթացքում ՖԱՖ-ի ցուցաբերած ցանկացած ըմբոստություն, ՀՖՖ-ի գործողությունների շուրջ հայտնած անհամաձայնություն Ռուբեն Հայրապետյանի կողմից եղել է պիտակավորում՝ լևոնական, ծառուկյանական, դաշնակցական, «Արարատի» հովանավորների կողմից ուղղորդված… Ընդհանրապես ՀՖՖ նախագահը սովոր է բոլորին պիտակավորելու, մեղադրելու բացի սեփական անձից:

Ռուբեն Հայրապետյանի առավել ուշագրավ հայտարարությունը, իհարկե, կապված էր ֆուտբոլիստների դավաճանության՝ երկիրը ծախելու մեջ: Ավելի ստորացուցիչ բան երկրպագուի, ֆուտբոլիստների, ավելի հեղինակազրկող իրադարձություն տվյալ երկրի ֆուտբոլի համար չի կարող լինել, քան ֆուտբոլիստի խաղ հանձնելը: Այստեղ հարցը ոչ միայն ներքին քաոսային վիճակի, թելը ՀՖՖ նախագահի ձեռքից բաց թողնելու, տվյալ երկրի ֆեդերացիայի սպառված լինելու մասին է, այլև միջազգային սկանդալի՝ Ալբանիայի հավաքականի որակազրկման և Եվրո-2016-ի մրցաշարում սկանդալային իրադարձությունների հաջորդականության: Կարելի է փաստել, որ նման հայտարարություն համաշխարհային ֆուտբոլի մակարդակով հազվադեպ և եզակի հանդիպող իրադարձություն է:

Սակայն ավելի ուշագրավ և զայրեցնող է, երբ ՀՖՖ նախագահը այդ հայտարարությունը անում է կարևորագույն` աշխարհի 2018 որակավորման փուլից առաջ` իր իսկ խոսքերով չունենալով փաստեր, և ավելացնում, որ ամեն ինչ անելու է դավաճաններին գտնելու համար: Այսինքն` չունենալով փաստեր և երաշխիք դավաճաններին գտնելու՝ Ռուբեն Հայրապետյանը խաթարում է հավաքականի մթնոլորտը: Հավաքականում ստեղծվում է քաոսային վիճակ, որտեղ խաղընկերները պետք է միմյանց կասկածեն դավաճանության մեջ:

Կոչով ենք հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի տղաներին: Մենք հավատում ենք, որ այսքան տարի երկրպագել և աջակցել ենք թասիբով, երկրի համար սրտացավ և պատվախնդիր տղամարդկանցից կազմված հավաքականի: Կոչ ենք անում հերթական անգամ չլռել, հանդես գալ անհատապես կամ միասնական հայտարարությամբ՝ պատասխանել զրպարտանքին ու մեղադրանքներին, մեկ մարդու զգացողությունները հիմք չընդունել թիմում դավաճան ման գալու համար»,-մեջբերման ավարտ:

Նախորդ հոդվածը‘«Չեք անցկացնի». Ոչ-ի հաղթական քարոզարշավն այլևս անկասելի է’
Հաջորդ հոդվածը‘«Անկախ դիտորդներ», որոնք «երդվում են» Սերժ Սարգսյանի արեւով’