‘ՖԱՖ-ի ղեկավար խորհրդի անդամի պատասխանը Ռուբեն Հայրապետյանին’

2017

Ի պատասխան ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունների՝ «Առաջին հայկական ճակատ» (FAF) ֆան-շարժման ղեկավար խորհրդի անդամ Սերգեյ Ջանջոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սա ՖԱՖ–ՀՖՖ հակամարտություն չէ: Հիմարություն է այդպես կարծելը: Մեր «բազմաչարչար» պահանջները դրվեցին նրա համար, որովհետև սոցցանցերում, ֆորումներում, կայքերի մեկնաբանություններում հազարավոր ֆաներ դա էին ցանկանում՝ ունենալ ամբիցիոզ մարզիչ, որին ոչ ոք չէր համարձակվի կամք թելադրել:

Ես միշտ կարծել եմ, որ եթե ՖԱՖ-ը պետք է երկրպագուի խոսքը չբարձրաձայնի, ՖԱՖ-ի գործունեությունը զուր է: ՀՖՖ նախագահը մեզ մեղադրեց պատվեր կատարելու մեջ… դա այնքան անտրամաբանական էր, ինչքան որ Վարուժան Սուքիասյանը գործելու էր անկախ:

Այդ ժամանակ գլխավոր հարցն էր առաջ գալիս, ինչի՞ համար Վարուժը մտավ այս ամենի մեջ. կարծում եմ՝ սուտ խոստումների զոհ դարձավ, որ հավաքականի ղեկը ստանձնելով՝ ինքնակամ որոշումներ է կայացնելու, իսկ այսօր Հայրապետյանը ակամա արդեն վարկաբեկեց հավաքականի գլխավոր մարզչին: Վարուժն այնքան վստահ է եղել ինքնակամ որոշումներ կայացնելու մասով, որ առաջին հարցազրույցներից մեկում «Ազատություն» հարցին պատասխանեց, որ ՀՖՖ-ի խառնվելու դեպքում ինքը դիմում կգրի և կազատվի զբաղեցրած աշխատանքից: Այժմ ամեն գնով փորձում են Վարուժին մամուլից հեռու պահել, և նույնիսկ առաջիկա խաղից առաջ նախախաղային ասուլիս չի լինելու:

Կարևոր հանգամանք. վերջին շրջանում մի քանի լրատվամիջոցներ այսպիսի նմանատիպ հարցեր են ձևակերպում: Ըստ շրջանառվող լուրերի՝ ՖԱՖ-ը պատրաստվում է առաջիկա խաղի ժամանակ անկարգություններ իրականացնել, իսկ ՀՖՖ նախագահը այսօրվա հարցազրույցի մեջ նշել էր. «Եթե ՖԱՖ-ը շարունակի հակաֆուտբոլային արարքներ դրսևորել, այլևս մարզադաշտ մուտք չի գործի»:

Հայտարարում եմ. «ՖԱՖ-ը երբեք անկարգություններ և հակաֆուտբոլային արարքներ չի գործել, ՖԱՖ-ը 9 տարի շարունակ առանց խաղ բաց թողնելու միայն աջակցություն է ցուցաբերել հավաքականին, ձևավորել է երկրպագման մշակույթ»:

Վերջին 2 շաբաթների ընթացքում ամեն կերպ փորձեցին մեզ սադրել և նյարդայնացնել, բայց մենք ունենք խոհեմություն և չենք մտնելու առաջարկված խաղի մեջ, չի եղել և չի լինելու անկարգություն, խուլիգանություն և այլն, սակայն լինելու ենք սկզբունքային և պահանջատեր: Միայն Հայաստանում երկրպագուն պաստառ կախելու համար պետք է վճարի ֆեդերացիային: Քաջալերող պաստառներ կախել ենք 3 տասնյակ եվրոպական և հայկական մարզադաշտերում, չենք վճարել, չենք պատրաստվում նաև հիմա:

Կարևորում եմ բոլոր սրտացավ և անշահախնդիր երկրպագուների ներկայությունը մեր կողքին՝ հյուսիսային տրիբունայի 2-րդ սեկցիայում, միասին պահենք ըմբոստ, ինքնակամ շարժումը: Սա ՖԱՖ–ՀՖՖ հակամարտություն չէ..»։

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյան. Եթե ՖԱՖ-ը շարունակի հակաֆուտբոլային արարքներ դրսևորել, այլևս մարզադաշտ ոտք չի դնի’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. 10-րդ տուրի արդյունքները’