‘Ֆելդմարշալ աս-Սիսին՝ Եգիպտոսի շոկոլադե նախագահը’

1003

Աբդել Ֆաթահ աս-Սիսին, անկասկած, այժմ ամենաազդեցիկ մարդն է Եգիպտոսում, նա, ով կարող է Հոսնի Մուբարաքի վարչակարգը տապալած հեղափոխությունից երեք տարի անց կարգուկանոն հաստատել երկրում:

Մինչդեռ երեք տարի առաջ եգիպտացիներն ուզում էին հենց վերջ տալ զինվորականների իշխանությանը: Իսկ այսօր, չդադարող բռնություններից ու անկարգություններից հոգնած՝ հանդես են գալիս իշխանության ղեկին նրանց վերադարձնելու օգտին:

2012 թ. օգոստոսին, երբ Մոհամեդ Մուրսին աս-Սիսիին նշանակեց զինված ուժերի և պաշտպանության նախարարության ղեկավար, ենթադրվում էր, որ այդ ուղղափառ մուսուլմանը շատ լավ լեզու կգտնի ընտրված նախագահի և քաղաքացիական վարչապետի հետ: Բայց Մուրսին  հաջողեցրեց շատ արագ իրենից վանել հասարակության մեծ մասին: Միլիոնավոր եգիպտացիներ, նրա ընտրվելուց մեկ տարի էլ չանցած, պահանջում էին նախագահի հրաժարականը: Հենվելով այդ դժգոհությունների վրա՝ աս-Սիսին Մուրսիին հեռացրեց իշխանությունից և իշխանության լծակները հավաքեց իր ձեռքը, իր խոսքով՝ առանց անձնական հավակնությունների: «Ուզում եմ ձեզ ասել, որ մեզ համար, անձամբ՝ ինձ համար, շատ ավելի է արժեքավոր է պաշտպանել ժողովրդի կամքը, քան ղեկավարել Եգիպտոսը: Երդվում եմ Աստծո առջև»:

Սակայն այժմ՝ մահապատժի սպառնալիքի տակ գտնվող Մուրսիի պաշտոնանկությունից և կալանավորումից , ահաբեկչական կազմակերպություն հայտարարված «Մուսուլման եղբայրների» հալածանքներից հետո էլ Եգիպտոսում խաղաղություն չհաստատվեց: Մուրսիի կողմնակիցները դիմակայում են բանակին, որը դաժանորեն ճնշում է դժգոհությունները: Ամառվանից ի վեր սպանվել է ավելի քան հազար մարդ:

Աս-Սիսին բավական հանելուկային անձնավորություն է, նրա մասին քիչ բան է հայտնի: Նրա յուրաքանչյուր հայտնվելը հանրության առջև քողարկված է գաղտնիության շղարշով: Նա քիչ է խոսում, ծանրութեթև է անում յուրաքանչյուր բառը: Վերջերս նրան շնորհվեց ֆելդմարշալի կոչում՝ ամենաբարձր կոչումը եգիպտական բանակում, և բանակը պաշտպանեց նրա առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում: Ընտրությունները դեռ չեն կայացել, սակայն կոնֆետները Եգիպտոսում արդեն զարդարված են «Աս-Սիսի՝ Եգիպտոսի վեցերորդ նախագահ» մակագրությամբ, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի իշխանությունը և ընդդիմությունը մոտեցել են անցումային կառավարության հարցի քննարկմանը’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն կարող է Ուկրաինային զրկել ձայնի իրավունքից’