‘Ֆինանսական բուրգի գործով դատը հետաձգվեց’

1080

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված էր անցկացնել «Ֆինանսական բուրգի» գործով առաջին դատավարությունը, սակայն ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց: Ի դեպ, նշենք, որ սա այն պատմությունն է, որի շրջանակում աշխատանքից ազատվեց Ներսիկ Նազարյանը, ով` որպես տուժող, այսօր չէր ներկայացել դատական նիստին: Չէր ներկայացել նաև գործով տուժող, ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանը: 

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։ 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 19-ին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանին ու Ուկրաինային ստորացնում եք, որ ի՞նչ անեք…’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի եւ Իսպանիայի ղեկավարների հետ’