‘Ֆինանսների փոխնախարար. Կենսաթոշակային բարեփոխումների նոր փաթեթի գերակշիռ մասը տեխնիկական խնդիրների լուծումն է տալիս’

925

Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների նոր փաթեթի գերակշիռ մասը տեխնիկական խնդիրների լուծումն է տալիս, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

«Թիրախավորված էր փաթեթում երեք խումբ հարցերի շտկում: Առաջինը տեխնիկական հարցերն էին: Երբ 2010 թվականին ընդունում էինք օրենքի փաթեթը, մենք ի սկզբանե ասել էինք, որ այս համակարգը ներդնելու համար անհրաժեշտ է լինելու նաև տեղեկատվական համակարգերի ներդրում: Դրանց ներդրման ժամանակ, իհարկե, պետք է առաջանային տեխնիկական խնդիրներ, ինչը անհրաժեշտություն կառաջացներ շտկումներ մտցնել»,- ասաց Արամյանը:

Նա ևս մեկ տեխնիկական խնդիր մատնանշեց: Նախկինում օրենքի մեջ գրված էր, որ եթե անհատը, որը կամավոր ցանկանում է միանալ պարտադիր կուտակային համակարգին, երկու խումբ գործողություն պետք է աներ. պետք է գնար կենտրոնական դեպոզիտարիա, և պետք է գործատուին տեղյակ պահեր:

«Մենք տեսանք, որ այդ երկրորդ գործողությունը կարելի է հանել, որովհետև տեղեկատվական համակարգերը կապուղիներով միմյանց միացված են, հետևաբար՝ ինչու ծանրաբեռնենք հասարակությանը, եթե կենտորնական դեպոզիտարիան կարող է կապուղիներով անմիջապես տեղեկացնել ՊԵԿ-ին և գործատուին»,- նշեց Արամյանը:

Երկրորդ խնդիրն այն էր, որ որոշ օրենքներ, օրինակ՝ եկամտահարկի մասին օրենքը, 2010 թվականից փոփոխության են ենթարկվել, և քանի որ հայտարարվել է, որ խաղի կաննոները պետք է համադրելի լինեն մինչև 2013 թվականը և դրանից հետո, Արամյանի խոսքով՝ անհրաժեշտություն էր առաջանում, որ այդ օրենքները համադրելի դարձնեն:

«Եկամտահարկի մասին օրենքում մենք նախորդ տարի օրենքի փոփոխությամբ ընդունեցինք մի կարգ, թե գրավադրված գույքի իրացման դեպքում ինչպես էր հարկման դաշտը կարգավորվում: Մենք այդ շտկումները կատարել ենք, նույնը վերաբերում է թաքցված աշխատուժին, դրա հետ առաջացող տուգանքներին և այլն»,- տեղեկացրեց փոխնախարարը:

Երրորդը խումբ խնդիրները, նրա խոսքով, շտկումներն ու հստակեցումներն էին բոլոր օրենսդրական փաթեթներում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կողմ է ԱՊՀ ֆուտբոլի միասնական առաջնության ստեղծմանը’
Հաջորդ հոդվածը‘Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը մեծահարուստների տների համար շինանյութ է դարձել (տեսանյութ)’