‘Ֆիննախ. 2014-ի հունվարից նվազագույն աշխատավարձը կաճի եւս 5 հազար դրամով’

2249

Կառավարության հաստատած 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում շուրջ 51 մլրդ դրամ կուղղվի քաղծառայողների աշխատավարձերի բարձրացմանը, ըստ Panarmenian.net-ի, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Բացի այդ, ըստ նրա՝ 2014թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կկազմի 50 000 դրամ, որի համար կհատկացվի լրացուցիչ 10 մլրդ դրամ:

«Այսօր պետության կողմից վճարվող աշխատավարձերի հիմնադրամը ընդհանուր առմամբ կազմում է 240 մլրդ դրամ, 2014թ. աճ կլինի 60 մլրդ դրամով կամ միջինը 40 տոկոսով»,-ասել է նա:

Կառավարության որոշման համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 35 000 դրամի փոխարեն կկազմի 45 000 դրամ:

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ 2014 թվականից Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու կապակցությամբ նախատեսվում է շուրջ 20 մլրդ դրամ ուղղել քաղաքացիների խնայողություններին՝ պետության 5 տոկոս մասնակցությունն ապահովելու համար: Դավիթ Սարգսյանը նշեց, որ պետբյուջեի հիմնական ծախսերը կարճաժամկետ հեռանկարում կուղղվեն աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացմանը: Միաժամանակ, հաջորդ տարի կենսաթոշակների բարձրացման համար նախատեսված է 37,7 մլրդ դրամ:

Նախորդ հոդվածը‘«Ո՛չ «Հանցաքարի» հարսանիքներին». Պիկետ «Հարսնաքարի» մոտ’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը Երևանում է, իսկ Շախտյորի տնօրենը սպառնում է պատժել ֆուտբոլիստին (լուսանկար)’