‘
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը համաձայն չէ Վերահսկիչ պալատի հաշվետվությունում տեղ գտած այն գնահատականի հետ, թե պետական բյուջեից շուրջ 700 միլիարդ դրամի չարաշահման ռիսկեր կան:
«Համաձայն չեմ, որովհետեւ 700 միլիարդի չափով պետական գնումներ չեն կատարվում», — կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դավիթ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարեվերջին Կառավարությունը բյուջեի ընդունումից հետո հաստատում է գնումների պլան: Ըստ նախարարի՝ այս տարվա գնումների պլանը եղել է 262 մլրդ դրամի չափով: Ընդ որում՝ այս թիվը վերաբերում է պետբյուջեի հաշվին նախատեսված գնումներին: Միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող գնումների հետ միասին՝ գնումների համար նախատեսված գումարը կազմում է 445 միլիարդ դրամ, որից 130 մլրդ ուսուցիչներին եւ պետական բուժհաստատությունների աշխատակիցներին աշխատավարձ է վճարվում եւ ձեւակերպվում է որպես պետական գնում:
«Այս պայմաններում համատարած ռիսկայնության մասին, առավելեւս՝ 700 միլիարդ դրամի, խոսել չի կարելի», — ֆիքսեց նախարարը:
Դավիթ Սարգսյանը պատրաստ չէ այս պահին գնահատել՝ չարաշահման ռիսկերը ինչ գումարների են հասնում, բայց համոզված է, որ դրանք մի քանի հարյուր միլիոնից չեն անցնում:
Հիշեցնենք, հունիսի 29-ին նախագահական նստավայրում անցկացրած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, քննադատելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի՝ բյուջետային չարաշահումների մասին հնչեցրած գնահատականը, նշել էր, որ ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, «մնացած բոլորը հեքիաթներ են»:
‘