‘Ֆլեշի ախորժակը ուտելիս է բացվել’

2005

Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան 18ա եւ Ամիրյան 24 շենքերի բնակիչներն իսկական մղձավանջի մեջ են հայտնվել` հարակից տարածքում կառուցվող բազմահարկ շենքի շինարարության պատճառով: Այս մասին մեր մամուլը, այդ թվում` iLur-ը, հաճախ է հրապարակումներով հանդես եկել:

Խնդիրն այն է, որ ինչ-որ մեկի որոշմամբ ու առանց բնակիչների կարծիքը հաշվի առնելու՝ ոչնչացվել են ոչ միայն շրջակա փոքրիկ կանաչ տարածքը, բակը եւ խաղահրապարակը, երեխաներն ու մեծահասակները ոչ միայն չդադարող աղմուկի մեջ անընդհատ փոշի ու աղբ են շնչում այս ամբողջ ընթացքում, այլեւ նման խիտ կառուցապատման պատճառով` բնակարանները զրկվել են արեւի լույսից անգամ: Ընդ որում` շինհրապարակին կից չկա որեւէ ցուցանակ, որով, սովորաբար, պարզ է դառնում, թե ով է կառուցապատողը, եւ ինչ է նախատեսվում կառուցել տվյալ  տարածքում:

Իհարկե, բավական երկար ժամանակ մամուլը տվյալներ է հրապարակում նաեւ այն մասին, որ իրականում շենքի կառուցապատողը հայտնի մոնոպոլիստ գործարար, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Բարսեղ Բեգլարյանն է, ով առիթը չի կորցնում հայրենասիրության եւ վեհ նպատակների մասին խոսելու համար: Ինքը` Ֆլեշի Բարսեղը, սակայն, օրերս թերթերից մեկին տված հարցազրույցում բացարձակ ժխտել էր շենքի հետ որեւէ կապ ունենալու հանգամանքը եւ հետեւյալն էր ասել` իրեն ներկայացված հարցի առնչությամբ. «Դրանք հեքիաթներ են: 28 հատ պեչատով, 48 հատ ստորագրությամբ կտամ իրենց: Բոլորն էլ գիտեն, որ դա դաշնակներինն է եղել: Այստեղ այլ կարծիք չկա»:

Հետաքրքիր է, որ որոշ ժամանակ առաջ նույն միտքն, այսպես կոչված՝ բեգլարյանական փողերով սնվող մամուլն էլ էր հրապարակել` հանրության վրդովմունքի թիրախն ուղղելով դեպի ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը Բայց ակնհայտ է, որ Բարսեղ Բեգլարյանն ուղղակի սովորական ստախոսությամբ է զբաղված: Ոչինչ ավելի: Եւ ոչ թե այն պատճառով, որ պետության կողմից մանկատան որբերի համար տրված միջոցները ժամանակին յուրացրած Աղվան Վարդանյանի համար խորթ մի բան պիտի լիներ նման քայլը համաքաղաքացիների նկատմամբ, այլ որովհետեւ փաստերն են այլ բան ասում:

Իսկ դրանք վկայում են, որ նշված տարածքներում իրականացվող շինարարությունը հենց Բեգլարյանների ընտանիքի ձեռքի գործն է: Ընդ որում` դեռ գարնանն էին Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունում խոստովանել, որ 2013 թ. մարտի 18-ին քաղաքապետարանի կողմից տվյալ տարածքում 4 ստորգետնյա եւ 15 վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի համալիրի շինարարության թույլտվություն է տրվել Բեգլարյանի որդուն` կառուցապատող Հայկ Բեգլարյանին: Առկա է եղել ու հրապարակվել է նաեւ  տեղեկություն` Երեւանի քաղաքապետարանի հետ 18.03.2013թ. համաձայնեցված հ.01/18-05/2-Բ-2543-201 նախագծի ու կառուցապատող Հայկ Բեգլարյանին 18.03.2013թ. տրված` հ.01/18-Բ-2444-220 շինարարության թույլտվության վերաբերյալ:

Հետեւաբար՝ նախորդ տեղեկատվությունից հինգ ամիս անց Ֆլեշի Բարսեղն ինչո՞ւ է սկսել հենց հիմա աղմկել` հույսը մեր կարճ հիշողության վրա դրած՝ անհայտ է: Եւ կամ` դաշնակցականնե՞րն ինչու են սկսել նրան խնայել՝ ծպտուն անգամ չհանելով հարցազրույցում նշածի վերաբերյալ՝ չգիտենք: Եզրահանգումը մեկն է. կամ ՀՅԴ-ն «բարեպաշտորեն» փայ է մտել Ֆլեշի կառուցապատման մեջ՝ ջանալով հոգալ կուսակցական ու անձնական կարիքները, կամ էլ Ֆլեշն է ստում ի լուր աշխարհի, եւ դաշնակցականներն ուղղակի պարտավո’ր են դատի տալ նրան զրպարտության համար: Այլ տարբերակ չկա: Կոնկրետ մեզ` երեւանցիներիս, ձեռնտու է ընդամենը ճշմարտության բացահայտումը եւ իրականացվող շինարարության` նախագծի հետ համեմատումը: Չնայած` նախագծով թույլատրված կառուցապատումն էլ բանի նման չէ, բայց լուրջ կասկածներ կան եւ այն մասին, որ Ֆլեշի ախորժակը, Լֆիկ Սամոյի նմանությամբ, ուտելիս է բացվել: Այլ խոսքով` նախագծի եւ ընթացող կառուցապատման միջեւ էական տարբերություններ կան:

Եվա Խառատյան

Նախորդ հոդվածը‘Լավագույնը Գերմանիան և Հոլանդիան են (ընտրական փուլի արդյունքներ)’
Հաջորդ հոդվածը‘Կաթողիկոսը պաշտոնանկ է անել տալիս Նիկոլայ Ծատուրյանի՞ն ‘