‘Ֆյուլեի խոսնակ. ԵՄ-ն տեղեկացված չի եղել ՄՄ-ին անդամակցելու բանակցությունների մասին ‘

1705

iLur.am-ի հետ զրույցում ասում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Պիտեր Ստանոն

Պարոն Ստանո, հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի` 04.12.2012թ. N 1204-Ա որոշմամբ դեռ 2012թ. դեկտեմբերին ստեղծվել է աշխատանքային խումբ` Մաքսային միությանը ՀՀ անդամակցության հնարավորությունների ուսումնասիրման նպատակով: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ հանգամանքը:

-Մենք տեղեկացված չենք կառավարության՝ 2012 թվականի դեկտեմբերին ընդունած որոշման մասին, որը դուք հիշատակեցիք: Մենք գիտեինք, որ Հայաստանի կառավարությունը ուսումնասիրում է Մաքսային միության հետ առավել ինտենսիվ համագործակցության տարբերակները, որը չի ենթադրելու անդամակցություն: Հայաստանը շարունակեց բանակցությունները ԱՀ/ԽՀԱԱՊ շուրջ, որը մենք այս տարվա ամռանը հաջողությամբ ավարտին հասցրինք՝ 3,5 տարվա բանակցություններից հետո:

Արդյո՞ք ԵՄ-ն տեղյակ է եղել, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ քննարկումներին զուգահեռ՝ 2012թ. դեկտեմբերից էլ նման բանակցություններ են ընթացել ՌԴ-ի հետ:  

-Նորից, որքան մեզ է հայտնի, անցած տարի որեւէ պաշտոնական բանակցություն չի եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ, այլ միայն խորհրդատվություններ՝ Մաքսային միության հետ Հայաստանի համագործակցության ակտիվացման հնարավոր ուղիների շուրջ:

Արդյո՞ք այս փաստի բացահայտումից հետո կարող եք պնդել, որ ՀՀ իշխանությունները վստահելի գործընկեր չեն եւ այս ընթացքում «խաբել են» ԵՄ-ին:

-Մենք հարգում ենք մեր գործընկերների ընտրությունը: Ասոցացման համաձայնագրի (ներառյալ ԽՀԱԱՊ) շուրջ բանակցությունները եղել են լուրջ եւ ինտենսիվ: Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման մասին հայտարարվեց միայն այս տարվա սեպտեմբերին, եւ արդեն բանակցված համաձայնագրի նախաստորագրումը դարձրեց անհնարին: Եվրամիությունը հարգում է միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքին համապատասխան որոշումներ կայացնելու՝ Հայաստանի կառավարության ինքնիշխան իրավունքը: Մենք շարունակում ենք հաստատակամ մնալ Հայաստանի հետ սերտ եւ կոնստրուկտիվ երկկողմ հարաբերություններին ՝ հենվելով այն ամենի վրա, ինչին համատեղ հասել ենք:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Վահրամ Բաբայան. «Կոմպոզիտորներից շատերը վախեցած են, որ Սերժ Սարգսյանը հովանավորում է Ռոբերտ Ամիրխանյանին»’
Հաջորդ հոդվածը‘Զորի Բալայան. Ես հո երեխա չե՞մ, որ Պուտինից պատասխան ակնկալեմ’