‘Ֆյուլեի սկանդալային հայտարարությունը. Հայաստանն անվստահելի է այլևս ‘

3920

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երևանում բավականին ուշագրավ հարցազրույց է տվել Ազատություն ռադիոկայանին: Հարցազրույցում Ֆյուլեն,  բնականաբար, խոսում է, Մաքսային միության և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի մասին: Ֆյուլեն օգտագործում է, այսպես ասած, դիվանագիտական բառապաշար, բայց անգամ այդ բառապաշարով բավականին կոշտ հայտարարություններ է անում: Ավելին, եթե Ֆյուլեի հայտարարությունները, այսպես ասած` «դիվանագետերենից» թարգմանենք սովորական հայերենի, ապա հայտարարությունների բովանդակությունն է՛լ ավելի կոշտ կդառնա: Եւ ամենակարևորը՝ Ֆյուլեն, ըստ էության, հայտարարում է, որ Հայաստանի իշխանություններն իրենց համար «անվստահելի գործընկեր են» դարձել:

Այսպես, օրինակ, Ֆյուլեն խոսում է Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպման մասին և նշում է.

«Մենք քննարկեցինք տեղի ունեցածը և Մաքսային միությանը միանալու որոշումը, և ես նրան (Սերժ Սարգսյանին) վստահեցրի, որ այն, ինչ մենք պահանջում ենք ուրիշներից՝ հարգել ազատ ընտրություն կատարելու իրավունքը, մենք ինքներս էլ ենք հարգում ազատ ընտրություն կատարելու այդ իրավունքը: Սա է ամբողջը: Ուզում եմ ասել՝ մենք չենք պահանջել և ակնկալել մեր հարևաններից ինչ-որ բան անել, իսկ ինքներս՝ ուրիշ կերպ վարվել: Մենք մի փոքր խոսեցինք անցյալից՝ բանակցություններից, հավատից և փոխվստահությունից»:

Այստեղ Ֆյուլեն ուղիղ ասում է, որ հիշեցրել է Սերժ Սարգսյանին՝ անցած պայմանավորվածությունների մասին, և այդ կոնտեքստում ուշագրավ շեշտադրում է անում՝ հավատի և փոխվստահության մասին:

«Ազատություն»-ը հարցնում է. «Ձեզ այդ մասին նախապես տեղեկացրե՞լ էին՝ նախքան այս հայտարարությունը: Թե՞ դա Ձեզ համար լիակատար շոկ էր, անսպասելի մի տեղեկություն»:

Ֆյուլեն պատասխանում է. « Այսպես ասեմ՝ մենք նույն վիճակում էինք, ինչ հայաստանցիները»:

Մարդը, այսինքն, ուղիղ տեքստով ասում է, որ ոչ միայն իրենք էին «անակնկալի եկել», այլև դիվանագիտորեն ասում է, որ Սերժ Սարգսյանը «միանձնյա» որոշում է կայացրել՝ ոչ միայն իրենց այդ մասին չտեղեկացնելով, ինչը դեռ այդքան սարսափելի չէր լինի, այլև՝ ՀՀ քաղաքացիներին:

Ապա Ֆյուլեն է՛լ ավելի սկանդալային հայտարարություն է անում.

«Եվրամիության և Հայաստանի հարաբերություններում էական դեր է խաղում փոխվստահության գործոնը: Ես ասացի այդ մասին [Սերժ Սարգսյանին], և ասացի, որ եթե հավատ և վստահություն լինի, այդ հենքի վրա շատ բանի կարելի է հասնել: Բայց հիմա հավատ և վստահություն չկա, չկա ստեղծագործականություն, և գրեթե չկա ընդառաջ գնալու ցանկություն»:

Սա արդեն նույնիսկ դիվանագիտական լեզվով էլ չէ, սա սովորական, ուղիղ տեքստով ասված հայտարարություն է՝ չկա վստահություն: Իսկ սա նշանակում է, որ ԵՄ-ի համար ՀՀ իշխանությունները անվստահելի գործընկերոջ համբավ են ձեռք բերել: Ճիշտ է, հետո Ֆյուլեն հավելում է, թե «բայց այսօրվա այս հանդիպումների նպատակն էր մեկմեկու հավաստիացնել, որ չնայած այս անսպասելի որոշմանը՝ առաջ գնալու տեղ դեռ կա», բայց դա, ինչպես ասում են՝ ընդամենը սոուս է:

Ֆյուլեն նաև հավելում է. «Մենք շարունակելու ենք նշանակալի ներկայություն ունենալ Հայաստանում և աջակցելու ենք քաղաքացիական հասարակությանը, աշխատելու ենք իշխանությունների հետ, որպեսզի այս ոլորտներում նահանջ չարձանագրվի, որպեսզի շարժվենք առաջ, թերևս՝ ոչ այնքան արագ և ոչ այնքան համակողմանիորեն, բայց՝ շարժվենք առաջ»:

Մյուս կարևոր պահը: Ազատության թղթակիցը հարցնում է՝ հնարավո՞ր է Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը Ասոցացման համաձայնագրից տարանջատել:

Ֆյուլեն պատասխանում է. «Մենք բանակցություններ ենք վարել ոչ թե երկու, այլ ընդամենը մեկ համաձայնագրի շուրջ, որը երկու մասից է կազմված՝ քաղաքական և առևտրային, որը նաև վերաբերում է իրավակարգավորիչ դաշտին, կամ օրենսդրության համապատասխանեցմանը: Այս երկու մասերի շուրջ բանակցությունները վարվել են երկու տարբեր թիմերի կողմից, սակայն մեկ մանդատի ներքո: Եվ բանակցությունների ընթացքում բանակցող թիմերը փոխադարձ կապեր են ստեղծել այս համաձայնագրի երկու մասերի միջև: Սա մեկ ամբողջական համաձայնագիր է, հնարավոր չէ դրա միջից ընտրել միայն այն մասերը, որոնք ուզում ես, և հրաժարվել այն մասերից, որոնք չես ուզում: Ես հարցրել եմ՝ գուցե ցանկանում եք վերստի՞ն բանակցել, և պատասխանն էր՝ ոչ»:

Մարդը պարզ ասում է՝ չկա առանձին՝ քաղաքական կոնտեքստով Ասոցացման համաձայնագիր, և առանձին՝ առևտրա-տնտեսական կոնտեքստով ԽՀԱԱԳ պայմանագիր. դրանք միասին մի համաձայնագիր են, կամ երկուսին է պետք միանալ, կամ՝ առանձին-առանձին չի լինի:

Մեկ ուշագրավ հայտարարություն էլ Ֆյուլեն անում է՝ կապված այն հարցի հետ, թե արդյո՞ք բանակցությունների ժամանակ երկրների միջև տարբերակումներ չեն դրվել:

«Մենք մեր գործընկերների միջև տարբերություն չենք դնում, մենք նախընտրելի և պակաս նախընտրելի գործընկերներ չունենք: Դա բացարձակ անհեթեթություն է: Մենք մեր բոլոր գործընկերների նկատմամբ որդեգրել ենք նույն մոտեցումները՝ նրանց առաջարկելով Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու և որպես արդյունք՝ Եվրոպական միության հետ քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրացիա ունենալու այս հնարավորությունը: Եվ միևնույն ժամանակ, իհարկե, այդ բանակցությունների ընթացքում մենք հաշվի ենք առել յուրաքանչյուր գործընկերոջ առանձնահատկությունները: Այնպես որ, մենք հնարավոր ամեն ինչ արել ենք, որպեսզի այս նպատակը գրավիչ դարձնենք Հայաստանի՝ Հայաստանի ժողովրդի և իշխանությունների համար»:

Սա իրականում շատ կարևոր հայտարարություն է: Ֆյուլեն, իհարկե, դիվանագիտորեն կեղծում է՝ ասելով, թե, ամեն դեպքում, առանձնահատկությունները հաշվի են առել ու փորձել գրավիչ դարձնել Հայաստանի ժողովրդի և ՀՀ իշխանությունների համար: Բանն այն է, որ ՀՀ քաղաքացիներն այդպես էլ չէին տեսել այդ համաձայնագիրը, հետևաբար՝ նրանք չէին կարող որոշել՝ այն գրավի՞չ է ՀՀ ժողովրդի համար, թե՞ ոչ: Բանակցել են, մի կողմից՝ ՀՀ իշխանությունները, որոնք ՀՀ ժողովրդի շահի վրա, գիտենք, մեղմ ասած՝ թքած ունեն, և ԵՄ չինովնիկները: Այնպես որ՝ արդյունքում ստացվում է, որ հաշվի են առնվել միայն ՀՀ իշխանությունների և ԵՄ չինովնիկների շահերը: Իսկ ո՞րն է ՀՀ իշխանությունների շահը. պարզ է՝ կեղծված ընտրությունների լեգիտիմացում (ինչը եվրաչինովնիկները լավ էլ արել են վերջին տարիներին), ներքին կյանքում ժողովրդավարության պակասի վրա աչք փակում (ինչը ևս արել են), և ընդհանրապես, ՀՀ իշխանություններին լիակատար արտաքին աջակցության տրամադրում: ԵՄ-ն այդ ամենը մեծ ջերմեռանդությամբ արել է ՀՀ իշխանությունների համար՝լեգիտիմացնել է որ լեգիտիմացրել են, գովասանք է, որ չեն խնայել ու շռայլել են, «շահագրգռել է, որ շահագրգռել են», ու հիմա, փաստորեն, եկել բողոքում են, որ անակնկալի են եկել ՀՀ իշխանությունների պահվածքից, և վստահությունը պակասել է:

Մի հարցնող լիներ՝ բա, եղբայր ջան, ի՞նչ էիք մտածում, երբ լեգիտիմացնում էիք այս իշխանություններին, որը թալանում ու հարստահարում է ՀՀ ժողովրդին, սպանում է ու կեղծում ընտրությունները: Ի՞նչ էիք մտածում, երբ օգնում էիք նրանց՝ «խաբել» սեփական ժողովրդին: Մի՞թե մտքներովդ չէր անցնում, որ նույն բանը մի օր էլ ձեր հանդեպ է անելու: Չէի՞ք կարծում: Վստահո՞ւմ էիք, գովո՞ւմ էիք, պահում ու փայփայո՞ւմ էիք… Դե, ինչպես որ եփել եք այս բորշը, այնպես էլ կերեք: Բայց հույս չունենաք, թե ՀՀ քաղաքացիները պետք է ձեզ սփոփեն այդ ժամանակ: Քանի որ երբ ՀՀ քաղաքացիների իրավունքները ավելի քան 5 տարի բռնաբարվում էին, դուք հայտարարում էիք, թե Հայաստանը առաջընթաց է՝ որ ունենում է:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի փորձագետներն ավարտել են Սիրիայի վերաբերյալ զեկույցի կազմումը’
Հաջորդ հոդվածը‘Կապելլոն Ռուսաստանի ազգային հավաքականից հետո կավարտի մարզչական կարիերան’