‘Ֆյուլեի «վկայի» խաղը մոտենում է ավարտին’

2401

Թեև արտաքին զարգացումները Հայաստանի շուրջ թեժանում են, այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ երկիրն ապրում է իր կյանքով, ներքին խնդիրներով, որոնք, ըստ էության՝ հանդիսանում են արտաքին որևէ հարցում երկրի դիմադրողականության առանցքային բաղադրիչ: Այսինքն՝ ինչպես էլ մենք դիտարկենք արտաքին զարգացումները, ելակետը ներքին կյանքի որակն է, փոխհարաբերությունները, օրինականության, արդարադատության միջավայրի ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հավասար տնտեսական հնարավորությունները բոլորի համար: 

Եւ քանի որ այս հարցերում Հայաստանն առաջընթաց չի գրանցում՝ էական, հեղափոխական առաջընթաց, ապա արտաքին հարցերում Հայաստանի դիմադրողականության մասին խոսելն ավելորդ է: Իսկ այս առումով թե՛ ներքին կյանքում, թե՛ արտաքին կյանքում շարունակվում են զարգացումներ, որոնք ոչ մի կապ չունեն այն պահանջների հետ, որոնք Հայաստանի տարբեր մակարդակների իշխանությունների առաջ դնում է, առաջին հերթին, հայաստանյան հասարակությունը:

Ահավասիկ, Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Հայաստան կատարած այցի ընթացքում, ինչպես հայտնի է՝  երկարատեւ հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների հետ, իսկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն այնքան էր ձգվել, որ Ֆյուլեն ուշացել էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպումից: Թե ինչ նպատակ և իմաստ ունեն նման հանդիպումները՝ մնում է միայն գուշակել: 

Ֆյուլեն Երեւանում Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրին ընդառաջ՝ Հայաստանը ոչ ավելի, ոչ պակաս՝ դրական քայլեր կատարել է, բայց մի շարք քայլեր էլ մնացել են ընտրությունների պատճառով, եւ հիմա, քանի որ դրանք հետեւում են, ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունը կոնկրետ գործերով ցույց տա Եվրոպայի հետ հարաբերության խորացման եւ բարեփոխումների շարունակության իր պատրաստակամությունը:

Եվրահանձնակատարը բավական պարզորոշ հայտարարել է, որ ժողովրդավարության ջատագովության դիրքերից հանդես եկող ԵՄ-ն պատրաստ է աչք փակել Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պարբերական խախտումների, կեղծված ընտրությունների՝ այսինքն, դե ֆակտո իշխանության բազմակի ուզուրպացման վրա, միայն թե Սերժ Սարգսյանից կորզեն վերջինիս կողմից տրված խոստումների ի կատար ածումը: Այսինքն՝ Եվրամիությունը Սարգսյանին ակնարկում է, որ նրան ազատել են ընտրական հոգսերի զգալի մասից, բայց չեն ազատել պատասխանատվությունից:

Եւ ուրեմն, ի՞նչ է անում Արեւմուտքը՝ լռելուց բացի: Ընտրական փուլից հետո նրանք փոքր-ինչ լղոզված հայտարարություններ են տարածում, հետո լռում են, հետո խորիմաստ մեկնաբանություններ տալիս իրենց լռությանը, թե՝ լռում են իբր Հայաստանին օգնելու  համար: Իրականում քանդվում է պետությունը, իսկ նրանք լռում են. ընդ որում՝ լռում են ոչ միայն նրանք, այլ նաեւ բոլոր նրանք, ովքեր Հայաստանում գործում են՝ գտնվելով վերջիններիս ազդեցության տակ: Ընտրությունները կեղծվում են՝ նրանք լռում են, մարտիմեկյան սպանդը չի բացահայտվում՝ նրանք լռում են, Հայաստանը դատարկվում է՝ նրանք բոլորը լռում են, փողոցներում մարդ են սպանում՝ նրանք լռում են, բանակում սպանություններ են լինում, որոնք չեն բացահայտվում՝ նրանք լռում են, դատական համակարգը սելեկցիոն վճիռներ է կայացնում՝ նրանք լռում են, մանր ու միջին բիզնեսը համառորեն ոչնչացվում է՝ նրանք լռում են, Հայաստանը վեր է ածվում մեկ մարդու տնտեսության՝ մոնոպոլիայի՝ նրանք էլի լռում են: Խորհրդավոր լռում են: Հայաստանում մարդիկ ընդզվում են, ցույցեր են անում, իսկ Արեւմուտքը (նշում ենք միայն վերջինիս, քանի որ միայն նա է բարձրաձայնում ժողովրդավարական արժեքների մասին) առավելագույնը զբաղվում է մանր, այսպես ասած, մանիպուլյատիվ քայլերով: 
Եվ ուրեմն՝ այս ամենի պարագայում հարց է ծագում՝ ի՞նչ իմաստ ունի լռության վկաների այս հանդիպումը: Եթե, իհարկե, չհաշվենք քաղաքական առևտրի հանգամանքը: Ի վերջո՝ ամեն ինչ իր գինն ունի, և պետք է պարզել, թե ինչ է խոստացել Սարգսյանը Եվրոպայի եւ ընդհանրապես՝ Արեւմուտքի այս լռության դիմաց: Չնայած՝ պարզելն էլ այնքան դժվար չէ. ակնհայտ է, որ Սարգսյանը 2008-ից հետո կիսատ թողած գործեր ունի՝ Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցում, եւ հենց այս գործերն էլ Սարգսյանին կստիպեն ավարտին հասցնել:

Սա ևս մի վկայություն է, որ Հայաստանի ներքին եւ արտաքին կյանքում շարունակվում է քաղաքականությունը, որի հիմքում հասարակության շահերը չեն, այլ` հասարակության եւ անգամ պետության շահերի հաշվին եկամուտի լրացուցիչ միջոցները:

Բադալ Հակոբյան   

«Դորդուբեշ» գլոբալ աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումների փորձագիտական կենտրոն

 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» ապագան հուսալի ձեռքերում է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ամբաստանյալի մայրը դատարանում շիշ է նետել դատախազի ուղղությամբ (տեսանյութ)’