‘Ֆյուլեն Նալբանդյանին՝ համատեղելիությունը խնդրահարույց է’

1610

Եվրահանձնաժողովը հրապարակել է Ընդլայնման եւ եվրոպական քաղաքակնության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի երեկ երեկոյան Բրյուսելում կայացած հանդիպման մասին հաղորդագրությունը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու մասին որոշումը: Նալբանդյանը ընդգծել է, թե Հայաստանը ցանկություն ունի շարունակել ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ գործընկերությունը, որը միաժամանակ չէր հակասի ՄՄ-ում Հայաստանի անդամությանը:

Իր հերթին Ֆյուլեն հայտարարել է, որ իրենք շարունակում են վերլուծել նոր իրողությունները, այդ թվում գործընկերների հետ կոնսուլտացիաներ իրականացնել, եւ այժմ գտնվում են Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու որոշման վերաբերյալ ԵՄ անդամ պետություններին տեղեկացնելու եւ նրանց հետ կոնսուլտացիաներ վարելու գործընթացում:

«Սակայն, Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման համատեքստում դժվար է պատկերացնել Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես որ քննարկվել է բանակցությունների ժամանակ: Հիմնվելով այն տեղեկությունների վրա, որը մենք այս պահին ունենք, ՄՄ-ում ստանձնած պարտավորությունների համատեղումը Ասոցացման համաձայնագրի հետ խնդրահարույց է: Մենք մտադիր ենք հարգել մեր գործընկերների ինքնիշխան իրավունքը՝ ընտրելու  ինտեգրացիոն եւ համագործակցության այն սահմանները, որոնք նրանք կցանկանային շարունակել, եւ վստահ ենք, որ բոլորի շահերից է բխում՝ հետագայում եւս ամրապնդել այն, ինչին հասել ենք Հայաստանի հետ վերջին տարիների գործընկերության ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թարգմանությունը՝ iLur.am-ի   

Նախորդ հոդվածը‘Սերժը «քցում է» բոլորին, կամ Ֆլեշի «ֆրեշ եվրոպականության» գաղտնիքը’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն «չի պատրաստվում» Հայաստանի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը’