‘Ֆուտբոլային աշխարհը սգում է լեգենդար խաղացող եւ մարզիչ Յոհան Կրոյֆի վախճանը’

1410

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւս ցավակցել է լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ եւ մարզիչ Յոհան Կրոյֆի մահվան կապակցությամբ:

«Իր հասարակ եւ գեղեցիկ խաղի շնորհիվ, Կրոյֆը ֆուտբոլը վերածեց արվեստի: Ֆուտբոլը կորցրեց լեգենդի: Հանգչիր խաղաղությամբ»,- Ֆեյսբուքում գրել է Մխիթարյանը:

27-ամյա ֆուտբոլիստը հիշատակել է Կրոյֆի հայտնի արտահայտությունը. «Ֆուտբոլ խաղալը շատ հեշտ է, բայց հասարակ ֆուտբոլ խաղալը ամենաբարդն է»:

Ֆուտբոլային աշխարհը սգում է մարտի 24-ին Բարսելոնայում թոքերի քաղցկեղի հետեւանքով մահացած լեգենդար խաղացող եւ մարզիչ Յոհան Կրոյֆի վախճանը: Նա 68 տարեկան էր:

«Միշտ կսիրենք քեզ, Յոհան: Հանգչիր խաղաղությամբ»,- ասվում է «Բարսելոնայի» պաշտոնական հաղորդագրությունում:

«Սգում ենք մեծ կորստի կապակցությամբ եւ ցանկանում տոկունություն մաղթել Կրոյֆի ընտանիքին»,- նշվում է «Այաքսի» ցավակցականում:

Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային միությունը ցավակցական հայտարարությունում գրում է՝ «խոսքերով հնարավոր չէ հաղորդել կորստի ամբողջ դառնությունը, որը մենք զգում ենք»:

Կրոյֆի ֆուտբոլային կարիերայի վերջին ակումբ «Ֆեյենորդը» նրան անվանել է «բոլոր ժամանակների մեծագույն հոլանդացի ֆուտբոլիստ»:

Ցավակցություն են հայտնել նաեւ Լիոնել Մեսին, Մարադոնան, Բեկենբաուերը, Բեքհեմը, Նիկիտա Սիմոնյանը, գրեթե բոլոր հռչակավոր ֆուտբոլիստները:

Հիշեցնենք, որ Կրոյֆը «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր է: Խաղացողի կարգավիճակում հանդես է եկել «Այաքսում», «Ֆեյենորդում», «Բարսելոնայում», «Լեւանտեում», «Լոս Անջելեսում» եւ «Վաշինգտոնում», դարձել է Հոլանդիայի 9-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռյակի գավաթակիր, Իսպանիայի չեմպիոն: Հոլանդիայի հավաքականում անցկացրած 48 խաղում խփել է 33 գոլ, դարձել է 1974թ. աշխարհի փոխչեմպիոն, 1976թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր:

Կրոյֆը եղել է «Բարսելոնայի», «Այաքսի» եւ Կատալոնիայի հավաքականի գլխավոր մարզիչը: 1988-1996 թվականներին նրա գլխավորությամբ «Բարսելոնան» նվաճել է 11 տիտղոս՝ Իսպանիայի չորս չեմպիոնություն, Իսպանիայի գավաթը, երեք անգամ սուպերգավաթը, Եվրոպական չեմպիոնների գավաթը, Եվրոպայի գավաթակիրների գավաթը:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն պատմել է՝ ինչ է անելու կարիերան ավարտելուց հետո’
Հաջորդ հոդվածը‘Բելառուսի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի դեմ խաղի ու իր թիմի խնդիրների մասին’