‘Ֆուտբոլային կանոնները ենթարկվել են փոփոխությունների’

1622

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) ֆուտբոլի կանոնադրությունում մի շարք փոփոխություններ է իրականացրել: Կատարվել է ընդհանուր 93 փոփոխություն, սակայն առանցքային են դրանցից երեքը:

Առաջին հերթին, խորհուրդը թույլատրել է գլխավոր մրցավարների համար տեսագրությունների ցուցադրության թեստավորումը: Առաջին անգամ տեսակրկնությունների համակարգը կիրառվելու է ամռանը կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկությա ժամանակ: Տեսագրությունները մրցավարներին պետք է օգնեն վիճելի իրավիճակներում (խաղից դուրս, հեռացում և 11-մետրանոցների նշանակում): Համակարգը երկու տարի թեստավորում կանցնի ոչ թոփային առաջնություններում, ինչից հետո IFAB-ը վերջնական որոշում կկայացնի:

Երկրորդ, IFAB-ը թույլատրել է լրացուցիչ ժամանակում չորրորդ փոխարինումն անելու փորձարկումը: Չորրորդ փոխարինումը հնարավոր կլինի իրականացնել միմիայն լրացուցիչ ժամանակում: Հիմնական ժամանակահատվածում, ինչպես նախկինում, լինելու է 3 փոփոխության հնարավորություն: Փորձարկման մեկնարկը տրվելու է 2016 թվականի հունիսի 1-ին, սակայն դեռ հայտնի չէ՝ որ առաջնություններում, ինչ ժամանակահատվածով:

Երրորդ, IFAB-ը մտադիր է փոխել «եռակի պատժի» (գործող կանոնի համաձայն՝ 11-մետրանոց, հեռացում և խախտում կատարած ֆուտբոլիստի որակազրկում) համակարգը: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նոր նախագահ Ջանի Ինֆանտինոն բացատրել է, որ եթե ֆուտբոլիստը սեփական տուգանային հրապարակում խախտում է կանոնները և պայքարում է գնդակի համար, կարմիր քարտ չի ստանալու, իսկ երբ ֆուտբոլիստը գնդակ խլելու համար չի խախտում կանոնները, կարող է ստանալ կարմիր քարտ: Այս փոփոխությունը կիրառվելու է 2016 թվականի հունիսի 1-ից: Դեռևս գործող կանոնը չի կիրառվելու Ամերիկայի գավաթի խաղարկության և Եվրոպայի առաջնության ժամանակ:

Ջանի Ինֆանտինոն, ով անցյալ շաբաթ է ընտվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, բացատրել է այս պատմական փոփոխությունների նշանակությունը:

«Մենք ֆուտբոլի համար պատմական որոշումներ ենք կայացրել: Մենք ցույց ենք տալիս, որ լսում ենք երկրպագուներին, ֆուտբոլիստներին և հենց ֆուտբոլին: Առաջիկայում ևս կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու, որոնք ցույց կտան՝ նոր ժամանակաշրջան է սկսվել ոչ միայն ՖԻՖԱ-ի, այլև IFAB-ի համար»,-հայտարարել է Ինֆանտինոն:

Նշենք ևս մի քանի փոփոխություն. այսուհետ ֆուտբոլիստները բժշկական օգնություն կարող են ստանալ հենց խաղադաշտում, խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից հետո գնդակը հնարավոր կլինի ուղարկել ոչ միայն առաջ, այլ ցանկացած ուղղությամբ: IFAB-ը շարունակում է քննարկել նաև ժամանակավոր հեռացումների տարբերակը, որն այժմ փորձարկվում է ոչ պրոֆեսիոնալ լիգաներում:

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը ստեղծվել է 1886 թվականին, իսկ 1906 թվականին պաշտոնապես դարձել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կառույց, որը սահմանում է և պաշտպանում է ֆուտբոլային կանոնադրությունը: Խորհուրդը կազմված է 8 ներկայացուցչից՝ 4 ներկայացուցիչ ՖԻՖԱ-ից և մեկական՝ Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ֆեդերացիաներից: Բոլոր ներկայացուցիչներն իրավահավասար են:

Նախորդ հոդվածը‘«Էյբար» – «Բարսելոնա»֙ 0:4․ Առաջատարը հերթական խոշոր հաշվով հաղթանակն է տանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը՝ ՄԼՍ-ի լավագույն նորեկ(տեսանյութ)’