‘Ֆրանսահայերը ցույց են անում Փարիզում Ադրբեջանի դեսպանության դիմաց: Մասնակիցների թիվը հասել է 2000-ի (թարմացված)’

1127

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասնում է երկու հազարի, նրանց թվում են ֆրանսահայ երիտասարդներ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ` ինչպես աջակողմյան ընդդիմության, այնպես էլ ձախակողմյան ուժերից:

«Ֆրանսահայությունը բարձր ոգով և պահանջատիրությամբ շարունակում է իր բողոքի ցույցը` պահանջելով Ֆրանսիայի իշխանություններից` դատապարտել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը և քայլեր ձեռնարկել, որպեսզի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը մինչև վերջ կրի իր պատժաչափը: Հայությունը կպայքարի այնքան, մինչև ողջ միջազգային հանրությունն ընդունի այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնորոշված պետություն է ու երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Փարիզի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

Նրա տեղեկացմամբ` ֆրանսահայության բողոքի ակցիան մեծ արձագանք է գտել նաև տեղի զանգվածային լրատվամիջոցներում, որոնք այս պահին շարունակում են մեծ հետաքրքրությամբ լուսաբանել միջոցառումը:   

 Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ilur.am-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի դեմ նախօրոք հայտարարված ֆրանսահայերի բողոքի ցույցը մեկնարկել է Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց:

Ցույցի մասնակիցներն իրենց վրդովմունքն են հայտնում Հունգարիայի կողմից Բաքվին արտահանձնված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ եւ կոչ են անում Ֆրանսիայի նախագահին` անել հնարավոր ամեն բան արդարությունը վերականգնելու համար: Ֆրանսահայերն ընդգծում են, որ Ադրբեջանի «սաֆարովյան քաղաքականությունը» հակասում է եվրոպական արժեքներին ու մարտահրավեր է հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքին: Ուստի նրանք պահանջում են, որպեսզի Ռամիլ Սաֆարովը շարունակի կրել իր պատիժը միջազգային վերահսկողության ներքո:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում: Այսօր նա Ֆրանսիայի նախագահ Ֆրանուա Օլանդի հետ միասին մասնակցել է Լուվրի թանգարանի Իսլամական արվեստի բաժնում կայացած նոր թանգարանային նմուշների ցուցադրության բացման արարողությանը: Երեկվանից սկսած՝ Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչները Ալիեւի այցելության դեմ բողոքի ցույցեր են անցկացրել մի շարք քաղաքներում:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Վ. Համբարձումյանի անվան մրցանակ է հանձնել մերձբալթյան գիտնականների’
Հաջորդ հոդվածը‘Լուչեսկու. Մեզ բարդ խաղ է սպասվում’