‘Ֆրանսիական օրենքներից կհանվեն ռասաների վերաբերյալ հիշատակումները’

735

Ֆրանսիայի ազգային ասամբլեայի պատգամավորները քվեարկել են ֆրանսիական օրենսդրությունից «ռասա» բառը հեռացնելու օգտին, այսօր հաղորդել է Radio France-ը: Օրինագիծն առաջարկվել է Ձախ ճակատ դաշինքի կողմից: Ըստ նախաձեռնողներից մեկի՝  «ռասա» բառը տեղ չպիտի ունենա ֆրանսիական օրենսդրության մեջ, քանի որ այն « հիմք է հանդիսացել ամենավատ գաղափարախոսությունների համար», նշում է France-Presse գործակալությունը: Եթե օրինագիծն ընդունվի վերին ատյաններում, ապա փոփոխություններ կկատարվեն նաև երկրի քրեական և քրեադատավարական օրենսգրքերում, ինչպես նաև՝ 1881 թվականի մամուլի ազատության օրենքում: Սակայն «ռասիզմ» եզրը կմնա, քանի որ այն, պատգամավորների կարծիքով, չի ենթադրում ռասաների առկայություն: Առայժմ փոփոխություն չի կատարվի սահմանադրության մեջ, որտեղ ևս առկա է «ռասա» տերմինը: Սահմանադրական փոփոխությունները կկատարվեն հաջորդ փուլում, ենթադրաբար՝ հուլիսին: Մանավանդ որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր փոփոխություններ կատարել երկրի հիմնական օրենքում:

Ֆրանսիայում այժմ գործում է Հինգերորդ հանրապետության սահմանադրությունը, որն ընդունվել է 1958 թ. նախագահ Շառլ դը Գոլի նախաձեռնությամբ: Հիմնական օրենքի առաջին հոդվածում ասվում է. «Ֆրանսիան անբաժանելի, աշխարհիկ, սոցիալական, ժողովրդավարական Հանրապետություն է: Այն ապահովում է օրենքի առջև բոլոր քաղաքացիների հավասարությունը՝ անկախ ծագումից, ռասայից կամ կրոնից», փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Transparancy International. Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին երկրում ահագնացող չափերի հասան արտագաղթի ծավալները’
Հաջորդ հոդվածը‘ԵԽ նախարարների խորհրդում նախագահության շրջանը ՀՀ-ը կծառայեցնի ռասիզմի դեմ պայքարին’