‘Ֆրանսիայի դեսպան. Carrefour-ը Հայաստանում կբացվի ընթացիկ տարվա աշնանը’

1126

Carrefour-ը Հայաստանում կբացվի ընթացիկ տարվա աշնանը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Նրա խոսքով, Հայաստանում ֆրանսիական հայտնի ընկերության ներկայացուցչության բացումը նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Ավելին, ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ տնտեսական համագործակցության մակարդակը կարելի է և հարկավոր է հասցնել քաղաքական երկխոսության մակարդակին: Շարունակելով թեման` Ռենոն հիշեցրել է, որ հուլիսի 8-ին դեսպանատանը տեղի է ունեցել հայ-ֆրանսիական գործարար ակումբի հերթական ժողովը, որի նախագահ է ընտրվել Հայաստանում Carrefour-ի ներկայացուցչության տնօրեն Կրիստիան դե Նաալը:

Հիշեցնենք, որ ակումբը Հայաստանում գործում է 2012 թվականից: Վերջինիս մեջ, մասնավորապես, մտնում են այնպիսի ֆրանսիական ընկերություններ կամ ֆրանսիական կապիտալով ընկերությունները` ինչպես Orange Armenia-ն, ACBA Credit Agricole-ը, Carrefour-ը:

Դիվանագետը համոզված է, որ հայ-ֆրանսիական գործարար ակումբը տնտեսական համագործակցության զարգացման նոր գաղափարների մշակման հարմար հարթակ է: Անրի Ռենոն հայ-ֆրանսիական համագործակցության առանցքային ոլորտ է համարում նաև կրթական ոլորտը: Այս համատեքստում դիվանագետը հիշեցրել է Հայաստանի ֆրանսիական համալսարանում «Ֆինանսներ և բանկեր» ֆակուլտետի բացման մասին:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցած տարի կազմել է $70.8 մլն` 1.7% տարեկան անկումով: Ըստ որում, Հայաստանից արտահանումը կազմել է $6.6 մլն` 47.9% տարեկան աճով, ներմուծումը կազմել է  $64.2 մլն`4.9%. տարեկան անկումով:

Նախորդ հոդվածը‘Բանակից զորացրվածները անվճար կսովորեն մագիստրատուրայում’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Սերժի Հայաստանում հայերն ինտեգրվելու կարիք ունեն’