‘Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել (լրացված)’

1219

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ կառավարությունը, նախագահ Ֆրաբսուա Օլանդի հանձնարարությամբ՝ հրաժարական է տվել, հաղորդում է Agence France-Presse-ը:

Կառավարության նոր կազմը կհրապարակվի օգոստոսի 26-ին:

Որպես հրաժարականի հիմնական պատճառ՝ նշվում է տնտեսական կուրսի քննադատությունը էկոնոմիկայի նախարար Առնո Մոնտեբուրի կողմից, ինչը և տարաձայնություններ էր առաջացրել կառավարության ներսում:

13:03

Ինչպես հաղորդել ենք, այսօր Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը:

 Bloomberg-ի հաղորդման համաձայն՝ հրաժարականի պատճառը վարչապետի և էկոնոմիկայի նախարար Առնո Մոնտեբուրի միջև առկա տարաձայնություններն են կառավարության վարած քաղաքականության շուրջ: Նոր կառավարությունը կնշանակվի երեքշաբթի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը: Օլանդը Վալսին խնդրել է «ձևավորել այնպիսի թիմ, որը կհամապատասխանի իր ծրագրերին՝ ի շահ երկրի»:

Մանուել Վալսը վարչապետի պաշտոնն ստանձնել է 2014 թ. գարնանը, այն բանից հետո, երբ տեղական ինքնակառավարման ընտրություններում սոցիալիստական կուսակցության պարտությունից հետո հրաժարական էր տվել Ժան-Մարկ Էնրոյի գլխավորած կառավարությունը:

Մինչ այդ, 2012 թվականից Մանուել Վալսը զբաղեցնում էր Ֆրանսիայի ՆԳ նախարարի պաշտոնը: Իսկ 2001-ից մինչև  2012 թվականը նա Փարիզից հարավ՝ Էվրի քաղաքի քաղաքապետն էր:

Մանուել Վալսը ծնվել է 1962 թ. Բարսելոնում: Կատալոնացի նկարչի և շվեյցարուհու որդին բացարձակապես ֆրանսիական արմատներ չունի: Նա Ֆրանսիայում է հաստատվել 20 տարեկանում՝ Սորբոնի պատմական ֆակուլտետն ավարտելուց առաջ: Վալսը Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության անդամ է 17 տարեկան հասակից: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ՊՆ քննչական ծառայությունում բերման ենթարկվածին խոշտանգել են. Քր.գործ ՀՔԾ-ում’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» հաղթեց «Էլչեին»(տեսանյութ)’