‘Ֆրանսիան ամեն ինչ դնում է իր տեղը. Ռոնալդուն գերազանցում է Իբրահիմովիչին (Տեսանյութ)’

796

Ավարտվեցին ԱԱ 2014-ի Եվրոպական գոտու անցումային խաղերը, որտեղ ամեն ինչ այնպիսի ավարտ ունեցավ, ինչպիսին որ սպասվում էր:

Ֆրանսիացիները հանդիպման մեկնարկից սկսեցին ցույց տալ, որ Կիևում տեղի ունեցածը պատահականություն էր: Դիդյե Դեշամի սաները գրոհում էին, մեծ առավելություն ունեին ուկրաինացիների նկատմամբ, սակայն այն կարողացան նյութականացնել միայն 22-րդ րոպեին: Հետագայում մրցավարը նախ Բենզեմայից խլեց մաքուր գոլ, իսկ հետո նրան նվիրեց խաղից դուրս վիճակից գոլ: Ուկրաինացիները երկրորդ խաղակեսի մեկնարկում մնացին 10 հոգով, և պարզ դարձավ, որ Փարիզում նրանք ավելի մեծ հրաշքի կարիք ունեն, քան Կիևում: Բայց հրաշքը չստացվեց. 72-րդ րոպեին Օլեգ Գուսևը գրավեց սեփական դարպասն, ու ամեն ինչ ավարտվեց, թեև Ֆոմենկոյի սաները փորձեցին մինչ հանդիպման վերջին րոպեն:

Շվեդիա – Պորտուգալիա խաղում էլ ձանձրալի առաջին խաղակեսին փոխարինեց խելահեղ երկրորդ խաղակեսը, որտեղ փայլեցին «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից երկուսը՝ Իբրահիմովիչն ու Ռոնալդուն: Վերջինս, երեք անգամ հակագրոհների ժամանակ գրավելով Իսակսոնի դարպասը, զրկեց Իբրահիմովիչին իր առաջին «Մունդիալին» մասնակցելու հնարավորությունից:

Ռումինիայում հույները կրկին ավելի հասուն տեսք ունեին, ինչպես և առաջին խաղում, և առանց ավելորդ հուզմունքի ավարտին հասցրին Հունաստանում ձեռք բերած իրենց առավելությունը: Հերթական անգամ գոլի հեղինակ դարձավ Աթենքի «Օլիմպիակոսի» հարձակվող Միտրոգլուն:

Խորվաթիա – Իսլանդիա խաղում էլ, Մոդրիչի և Մանջուկիչի Խորվաթիան չնայած ստիպված էր գրեթե մեկ ժամ խաղալ 10 հոգով, բայց միևնույն է՝ կարողացավ նվաճել Բրազիլիայի ուղեգիր՝ զրկելով Էյդուր Գուդյոնսենին իր երազանքից:

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Վարդան Պետրոսյանի գործով ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար նշանակել են նույն քննիչին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի պետական պարգևները կհամալրվեն երեքով ‘