‘Ֆրանսիան, Իտալիան և Պորտուգալիան փակել են իրենց օդային տարածքը Մորալեսի ինքնաթիռի համար’

856

Ֆրանսիայի, Իտալիայի և Պորտուգալիայի կառավարությունները թույլ չեն տվել, որպեսզի Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռը մտնի իրենց երկրների օդային տարածք, հաղորդել է TeleSUR հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Բոլիվիայի պաշտպանության նախարար Ռուբեն Սաավեդրայի խոսքերը: Մորալեսի ինքնաթիռը հարկադրաբար  վայրէջք է կատարել Վիեննայում: Ինչպես փոխանցում են բոլիվիացի լրագրողները, արգելքը կարող է կապ ունենալ այն կասկածների հետ, թե ինքնաթիռում է գտնվում ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, ով հրապարակել էր ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթերը քաղաքացիների և քաղաքական գործիչների լայնածավալ գաղտնալսման վերաբերյալ: Մինչդեռ  Բոլիվիայի արտաքին գործերի նախարար Դավիդ Չոկեուանկան պաշտոնապես հայտարարել է, որ Սնոուդենը Մորալեսի ինքնաթիռում չի եղել, փոխանցում է France-Presse գործակալությունը:

Ֆրանսիայի, Իտալիայի և Պորտուգալիայի գործողությունները բոլիվիական կողմի լուրջ դժգոհությունն են հարուցել: Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ օդային տարածքը փակելու ետևում ԱՄՆ-ն է կանգնած: Ավստրիայի իշխանություններն արդեն հաստատել են, որ Մորալեսի ինքնաթիռում Սնոուդենը չի եղել:

Հիշեցնենք, որ Էվո Մորալեսն ինքնաթիռով վերադառնում էր Ռուսաստանից, որտեղ մասնակցել էր գազ արտահանող երկրների գագաթնաժողովին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Խեղճ գյուղացին դառը դատի, դատարկ նստի… տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի նախագահ Մուրսին պաշտոնանկ արվեց. Երկիրը ժամանակավորապես կղեկավարի ՍԴ նախագահը (տեսանյութ)’