‘Ֆրանսիան հետաքրքրվում է ԻՊ-ի ֆրանսախոս գրոհայիններով’

941

Ֆրանսիան սկսել է «Իսլամական պետություն» խմբավորման տարածած տեսագրության հետ կապված հանգամանքների հետաքննությունը, որում գործող անձանցից մեկը ֆրանսախոս ջիհադիստ է:

Տեսաերիզում պատանի դահճին, որը գնդակահարում է լրտեսության մեջ մեղադրվող իսրայելցի արաբին, ուղեկցում է մեծահասակ մի գրոհային, որը ֆրանսերեն է խոսում և սպառնալիքներ է տեղում Ֆրանսիայի հրեաների հասցեին:

Ֆրանսիական իշխանությունները հայտարարել են, որ նախնական տվյալներով՝ ֆրանսախոս ջիհադիստի անունը Սաբրի Էսիդ է, և նա Մոհամեդ Մերայի եղբայրն է, ով 2012 թ. Ֆրանսիայի հարավում գնդակահարել էր յոթ հոգու, այդ թվում՝ երեք զինվորականի, ռաբիին և հրեական դպրոցի երեք երեխաների: Մերան սպանվել էր, երբ ոստիկանությունը շրջապատել էր նրա տունը: Ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տեսագրության պատանին, հնարավոր է՝ Մերայի խորթ որդին է:

Ֆրանսիացի քննիչները BBC-ին տեղեկացրել են, որ իրենք հիմքեր ունեն ենթադրելու, որ թե տղամարդը և թե պատանին Ֆրանսիայի քաղաքացիներ են:

Նախորդ հոդվածը‘Դևիդ Քեմերոնը մայիսի 9-ի տոնակատարությանը Մոսկվա չի մեկնի’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է’