Ֆուտբոլի Ազգերի լիգայի գավաթը նվաճեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը։ Միլանում տեղի ունեցած եզրափակիչում Դիդյե Դեշամի գլխավորած թիմը մրցեց Իսպանիայի հավաքականի հետ եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
64-րդ րոպեին հաշվը բացեց Իսպանիայի հավաքականը։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից աչքի ընկավ «Ռեալ Սոսյեդադի» 24-ամյա կիսապաշտպան Միկել Օյարսաբալը, որին գոլային փոխանցումը կատարեց «Բարսելոնայի» 33-ամյա կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։
Արդեն 2 րոպե անց ֆրանսիացիները վերականգնեցին հավասարությունը Մադրիդի «Ռեալի» 33-ամյա հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլի շնորհիվ։ Գոլային փոխանցման հեղինակը փարիզյան ՊՍԺ-ի 22-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն է, որը 80-րդ րոպեին «Միլանի» 24-ամյա պաշտպան Տեո Էրնանդեսի փոխանցումից հետո խփեց նաեւ աշխարհի չեմպիոնների հաղթական գոլը։
Հիշեցնենք, որ 2019-ին առաջին անցկացված Ազգերի լիգայի եզրափակիչում տիտղոսը նվաճել էր Պորտուգալիայի հավաքականը, որը 1։0 հաշվով հաղթել էր Նիդերլանդների թիմին։
Ազգերի լիգա, եզրափակիչ
Իսպանիա — Ֆրանսիա՝ 1։2 (տեսանյութ)
Միկել Օյարսաբալ, 64 — Քարիմ Բենզեմա, 66, Կիլիան Մբապե, 80