‘Ֆրանսիացի պատգամավորը Ցեղասպանության ժխտումը պատժող նոր օրինագիծ է ներկայացրել’

944

Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն 20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը պատժող նոր օրինագիծ է ներկայացրել, գրում է Tert.am-ը՝ հղում անելով «Nouvelles d’Arménie»-ին:

Բուայեի խոսքով՝ այն ժամանակ, երբ Ֆրանսիան պատրաստվում է դիմավորել Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, Ֆրանսիայում դեռ ոչ մի օրենք թույլ չի տալիս պատժել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը՝ բացի Հոլոքոստից:

Պատգամավորը նշել է, որ այն դեպքում, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է երկու ցեղասպանությունները՝ Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը, միայն Հոլոքոստի մերժումն է երկրում պատժելի:

Հիշեցնենք, որ Բուայեի հեղինակած նմանատիպ օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից 2012-ի հունվարին, սակայն Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց օրենքը` պատճառաբանելով, թե այն սահմանափակում է կարծիքի ազատության իրավունքը: Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի ընդունումն է: 

Նախորդ հոդվածը‘Ցույց`Կառավարության դիմաց. Նախարարը խոստանում է 1 ամսվա աշխատավարձ տալ նաիրիտցիներին’
Հաջորդ հոդվածը‘Դի Մարիան Գերմանիայի հավաքականի դեմ (տեսանյութ)’