‘Ֆրանսիացի փաստաբան. Վարդան Պետրոսյանի դատավարությունը կարծես «Reality show» լինի’

1523

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը: Դատական վիճաբանությունների փուլում դերասանի՝ Ֆրանսիայից ժամանած պաշտպան Մարի Լոռ Դոզեն իր ճառում խոսեց Հայաստանի դատավարության մասին՝ այն որակելով սոսկալի: Նա նշեց, որ այստեղ կատարվում է ամեն ինչ՝ բացի դատավարությունից: «Իրականացվող գործընթացը նման է «Reality show»-ի: Ես ողջ դատավարությունից մի հսկայական խառնաշփոթի տպավորություն եմ ստանում: Ուզում եմ վստահեցնել, որ նույնիսկ առաջին անգամ գալով Հայաստան եւ տեսնելով Վարդան Պետրոսյանին պատգարակների վրա՝ կարծում էի, որ ինչ-որ բան հնարավոր է անել: Սակայն այժմ ուղղակի զարհուրած եմ այս դատական ավերածությունների դաշտից. արվում է ամեն ինչ, որպեսզի Վարդան Պետրոսյանը բանտում պահվի»,- հայտարարեց փաստաբանը:

«Ես դատախազի մեղադրական ճառում կարդում եմ այն փաստարկը, թե իբր պաշտպանական կողմը օգտվել է ԶԼՄ-ներից: Ասեմ, որ նախքան Վարդան Պետրոսյանի՝ դատարանում հայտնվելը, արդեն իսկ լրատվամիջոցներով շրջանառվում էր մի ֆիլմ, որտեղ Վարդան Պետրոսյանը գտնվում էր մեքենայում՝ հարբած, բարձր երաժշտություն լսելով եւ հեռախոսը ձեռքին: Այս դեպքում արդյո՞ք կարելի է ասել, որ պաշտպանությունն է օգտվում ԶԼՄ-ներից:  Ֆրանսիայում դատական նիստերի դահլիճում տեսախցիկներ չկան, նույնիսկ արգելվում են բջջային հեռախոսները: Եզակի դեպքերում են միայն լրագրողները կարողանում գրիչով  եւ թղթով մուտք գործել դահլիճ»,- ասաց Մարի Լոռ Դոզեն՝ հավելելով, որ այս ամենը արվում է անաչառ, հանգիստ պայմաններում գործի քննություն իրականացնելու համար:

Նրա խոսքով՝ քանի դեռ արդարադատությունը դառնում է ներկայացում, նա չի ծառայում նույնիսկ իր սահմանմանը: «Այն դեպքում, երբ Հայաստանի արդարադատությունը կարժանանա վստահության, այլեւս տեսախցիկների կարիք չի լինի: Խնդիրն այն է, որ այս երկրում արդարադատության թափանցիկությունը սկսվում է միայն ԶԼՄ-ներից»,- նշեց նա:

Մարի Լոռ Դոզեն հայտնեց նաեւ, որ  տեղի են ունեցել մի շարք ոչ էական իրավախախտումներ՝ քննիչը փաստաբանից խլել է գրիչը, ոստիկանության աշխատակիցը փոխել է անունը: «Եթե Վարդան Պետրոսյանը իսկապես մեղավոր լիներ, ապա դրանց կարիքը չէր լինի: Ինչ վերաբերում է ալկոհոլի վարկածին, ապա այն առաջ քաշվեց այն պատճառով, որ ոչինչ չկար ընդդեմ Վարդան Պետրոսյանի»,- ասաց փաստաբանը: Նա նշեց, որ քանի դեռ դատախազները կարողանում են իրենց ցանկացած ուղղություններով փոխել օրենքները, Հայաստանում արդարադատություն չի լինի: «Մեղադրական ճառը լիովին դատարկ էր. այն ավելի շատ ուղղված էր իմ գործընկեր Նիկոլայ Բաղդասարյանին, քան Վարդան Պետրոսյանին: Նրանք Բաղդասարյանին մեղադրում են պաշտպանյալիս պաշտպանելու համար: Այո՛, երբ ամբաստանյալին որեւէ բանում չես կարողանում մեղադրել, հեշտությամբ մեղադրանքը տեղափոխում ես փաստաբանի կողմը: Այս դատարանում սա է միակ ճշմարտությունը»,- հավելեց փաստաբանը:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանի հրավիրված խորհրդաժողովը՝ փետրվարի 5-ին’
Հաջորդ հոդվածը‘Ռայներ Մորել. Գերմանիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ‘