‘Ֆրանսիացի ֆուտբոլիստ Էրիկ Աբիդալը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին’

759

35-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստ Էրիկ Աբիդալը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին: Այս մասին հաղորդում է francefootball-ը: Հունական «Օլիմպիակոսի» պաշտպանը որոշման մասին հայտարարել է Աթենքում հրավիրած մամուլի ասուլիսում:

Մինչև Հունաստան տեղափոխվելը Աբիդալը հանդես է եկել «Մոնակոյում», «Լիլում», «Լիոնում» և «Բարսելոնայում»: Աբիդալը կատալոնական թիմի հետ դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր:

Ֆրանսիայի հավաքականում Աբիդալն անցկացրել է 68 հանդիպում, 2006-ին թիմի հետ դարձել աշխարհի փոխչեմպիոն:

2011-ին Աբիդալի մոտ ախտորոշվել է լյարդի քաղցկեղ: Ֆուտբոլիստը կարողացել է փոխպատվաստումից հետո հաղթահարել հիվանդությունը և 2013թ. փետրվարին վերսկսել մարզումները:

«Ֆուտբոլիստի կարիերաս ավարտում եմ անձնական պատճառներով, եկել է իմ կյանքում նոր փուլ սկսելու ժամանակը»,-ասել է 35-ամյա ֆրանսիացի պաշտպանը Աթենքում կայացած մամուլի ասուլիսում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Օլիմպիակոսին» այս ամիսներին ցույց տված աջակցության համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր մարզիչներին և բժիշկներին, որոնց հետ աշխատել եմ տարբեր ակումբներում: Շնորհակալ եմ բոլոր նախկին թիմերիս»,- Աբիդալի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Մյունխենի «Բավարիան» 8-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սյունիքին «արյունոտ և դրամատիկ ներկայացումների» համար հատկացվել է 57 մլն դրամ. «Ժողովուրդ»’